Կազմակերպչական հանձնաժողով

 Նախագահ` Թադևոսյան Ռուբեն Հրաչիկի

 ՀՀԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ


1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. ՀՀԿ կանոնադրության (այսուհետ` Կանոնադրություն) համաձայն` ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) կազմակերպում է կուսակցությանն անդամագրվելու, անդամակցությունը կասեցնելու, կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ՀՀԿ սկզբնական, շրջանային և տարածքային կազմակերպություններ ստեղծելու աշխատանքները, կատարում է Կանոնադրությամբ Հանձնաժողովին վերապահված այլ լիազորություններ:
1.2. Կանոնադրության 10.5. կետի համաձայն` Հանձնաժողովի նախագահը հաստատվում է ՀՀԿ խորհրդի կողմից` ՀՀԿ նախագահի առաջարկությամբ և գործում է համագումարների միջև ընկած ժամանակահատվածում:
1.3. Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Երևան քաղաքում ՀՀԿ կենտրոնական գրասենյակի նստավայրում` Մելիք-Ադամյան 2: Այլ վայրում նիստ անցկացնելու դեպքում, դրա մասին ոչ ուշ, քան 3 օր առաջ տեղեկացվում է հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև` տվյալ կառուցվածքային ստորաբաժանմանը:

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2.1. Ելնելով ՀՀԿ ծրագրային դրույթներից և կանոնադրական պահանջներից` կազմակերպչական աշխատանքներ է կատարում կուսակցության կառույցների (սկզբնական, շրջանային, տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներ) ձևավորման, կայացման, համալրման և ամրապնդման ուղղությումբ:
2.2. Կազմակերպում և համակարգում է ՀՀԿ շարքերի անդամագրման, ՀՀԿ անդամների հաշվառման, ՀՀԿ կառույցների` տարածքային, շրջանային, սկզբնական կազմակերպությունների և ոլորտային կառուցվածքային ստորաբաժանումների անդամների վերաբերյալ տեղեկատվական բազային ձևավորման, կադրերի վերապատրաստման աշխատանքները:
2.3. Կազմում և ՀՀԿ նախագահին կամ ՀՀԿ գործադիր մարմնի քննարկմանն ու հաստատմանն է ներկայացնում տարածքային, շրջանային խորհուրդների և ոլորտային կառուցվածքային ստորաբաժանումների անդամների վերաբերյալ տեղեկատվական բազայի ձևավորման, կադրերի վերապատրաստման աշխատանքները:
2.4. ՀՀԿ խորհրդի և գործադիր մարմնի նիստերից հետո կուսակցության համապատասխան կառույցներին, իրենց վերաբերվող մասով տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն ընդունված որոշումների և հանձնարարականների մասին և հետևում դրանց ժամանակին քննարկմանն ու կատարմանը:
2.5. Հանձնաժողովի նախագահը կամ անդամները լիազորված են մասնակցելու տարածքային և շրջանային խորհուրդների նիստերին և սկզբնական կազմակերպությունների ժողովներին:
2.6. Համակարգում է ՀՀԿ նախագահի և ՀՀԿ գործադիր մարմնի կողմից հաստատված ծրագրերի, հանձնարարականների և առաջադրանքների իրականացման համար կուսակցության տարածքային, շրջանային կազմակերպությունների և նրանց կից տարբեր հանձնախմբերի, ոլորտային կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները, կազմակերպում է կատարված աշխատանքների վերլուծությունն ու քննարկումը:
2.7. Կազմակերպում է ՀՀԿ տարածքային, շրջանային, սկզբնական կազմակերպությունների և ոլորտային կառուցվածքային ստորաբաժանումների կողմից բարձրացված խնդիրների ուսումնասիրությունը և վերջնական մշակված առաջարկներ ներկայացնում ՀՀԿ նախագահին և (կամ) ՀՀԿ գործադիր մարմնի քննարկմանը:
2.8. Համագործակցում է կուսակցության մյուս հանձնաժողովների հետ:
2.9. ՀՀԿ նախագահի և ՀՀԿ գործադիր մարմնի հանձնարարությամբ համապետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական կամ արտահերթ ընտրությունների դեպքում իրականացնում է կուսակցության կառույցների աշխատանքների կազմակերպումը և համակարգումը, ընտրական հանձնաժողովների (ընտրատարածքային, տեղամասային) անդամների և վստահված անձանց ընտրությունը, հրահանգավորումը և կատարված աշխատանքների վերլուծությունը: Համակարգում է դիտորդական առաքելությունն իրականացնող հասարակական կազմակերպությունների հետ կատարվող աշխատանքները:
2.10. Ուսումնասիրում է ընտրական հանձնաժողովներում ընդգրկված ՀՀԿ ներկայացուցիչների գործունեությունը, անհրաժեշտության դեպքում ներկայացնում է համապատասխան առաջարկություններ:
2.11. Այն մարզերում, համայնքներում, որտեղ առկա են տեղական և հասարակական հնչեղություն ունեցող հրատապ սոցիալ-տնտեսական խնդիրներ, ՀՀԿ նախագահի հանձնարարությամբ կազմակերպում է ՀՀԿ անդամ նախարարների, փոխնախարարների, ԱԺ պատգամավորների համապատասխան պատասխանատուների մասնակցությամբ արտագնա քննարկումներ:
2.12. Ուսումնասիրում է ՀՀԿ անդամ համայնքի ղեկավարների, ավագանու անդամների, կուսակցության գործունեությունը: Անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցներ է ձեռնարկում նրանց կուսակցական գործունեությունը կարգավորելու և ավելի արդյունավետ դարձնելու համար:
2.13. ՀՀԿ նախագահի հանձնարարությամբ կամ ՀՀԿ գործադիր մարմնի որոշման հիման վրա կազմակերպում և համակարգում է ՀՀԿ կառույցների (տարածքային, շրջանային, սկզբնական և կառուցվածքային ստորաբաժանումներ) աշխատանքները, ինչպես նաև կոալիցիայի անդամ և մյուս կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների հետ, մշակում է համագործակցության համապատասխան ծրագրեր:
2.14. ՀՀԿ նախագահի հանձնարարությամբ կամ ՀՀԿ գործադիր մարմնի որոշման հիման վրա, անհրաժեշտության դեպքում, համակարգում և վերահսկում է ՀՀԿ կառույցների կողմից ՀՀԿ անդամների անդամավճարների հավաքագրումը և անդյունավետ օգտագործումը:
2.15. Ապահովում է ՀՀԿ տարածքային, շրջանային, սկզբնական կազմակերպությունների և ոլորտային կառուցվածքային ստորաբաժանումների մասնակցությունը հանրապետությունում անցկացվող կարևորագույն միջոցառումներին (ինչպես համապետական, այնպես էլ կուսակցության կողմից իրականացվող):
2.16. Համակարգում է ՀՀԿ գրասենյակների ֆինանսատնտեսական գործունեությունը:
2.17. Կազմակերպում է ՀՀԿ համագումարի նախապատրաստական աշխատանքները, ՀՀԿ խորհրդի և գործադիր մարմնի նիստերը:


3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
3.1.Հանձնաժողովի նախագահը հաստատվում է ՀՀԿ խորհրդի կողմից` ՀՀԿ նախագահի առաջարկությամբ և գործում է համագումարների միջև ընկած ժամանակահատվածում:
3.2. Հանձնաժողովի նախագահը սահմանված կարգով`
ա) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.
բ) ապահովում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը.
գ) նախապատրաստում և վարում է Հանձնաժողովի նիստերը.
դ) հրավիրում է Հանձնաժողովի արտահերթ նիստ.
ե) Հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը.
զ) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները և ապահովում է դրանց կատարումը.
է) համակարգում է ենթահանձնաժողովների և աշխատանքային խմբերի աշխատանքը.
ը) ընթացք է տալիս և (կամ) պատասխանում է Հանձնաժողովին ուղղված դիմումներին և առաջարկություններին.
թ) ապահովում է Հանձնաժողովի աշխատանքային ծրագրերի կազմումը.
ժ) նախապատրաստում է ՀՀԿ գրասենյակներում աշխատանքի ընդունման և ազատման փաստաթղթերը.
ժա) ՀՀԿ գործադիր մարմնին և խորհրդին իրազեկում է Հանձնաժողովի որոշումների կատարման ընթացքի մասին.
ժբ) համակարգում է Հանձնաժողովի աշխատանքները մյուս հանձնաժողովների հետ.
3.3. Հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են հետևյալ դեպքերում`
- կուսակցությունից դուրս գալու.
- կուսակցությունից հեռացվելու.
- կուսակցության լուծարման.
- ՀՀԿ խորհրդի կողմից չհաստատվելու:
3.4. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ նրա պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչև Հանձնաժողովի նոր նախագահի հաստատումը, նրան փոխարինում է ՀՀԿ նախագահի հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից մեկը:

4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
4.1.Հանձնաժողովի անդամ կարող են լինել Հանձնաժողովի նախագահի կողմից առաջադրված և ՀՀԿ գործադիր մարմնի կողմից հաստատված յուրաքանչյուր ոք:
4.2. Հանձնաժողովի անդամը սահմանված կարգով կարող է`
ա) ընգրկվել հանձնաժողովի ստեղծած ենթահանձնաժողովի կամ ձևավորած աշխատանքային խմբի կազմում.
բ) Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել Հանձնաժողովի որոշման նախագծեր և Հանձնաժողովի իրավասությանը վերապահված այլ առաջարկություններ.
գ) ունենալ ելույթներ, տալ հարցեր և անել առաջարկություններ հանձնաժողովի, դրա ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում.
դ) ծանոթանալ հանձնաժողովին հասցեագրված փաստաթղթերին, բացառությամբ` անվանական կամ անձնական հասցեագրված նամակներին:
4.2. Հանձնաժողովի անդամը պարտավոր է սահմանված կարգով`
1. ա) մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, մասնավորապես` հանձնաժողովի նիստերին, իսկ դրանց ներկայանալու անհնարինության դեպքում այդ մասին նախօրոք տեղյակ պահել հանձնաժողովի նախագահին.
2. բ) կատարել հանձնաժողովի որոշումները և հանձնաժողովի նախահահի այլ հանձնարարականներ:

5.ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ
5.1. Հանձնաժողովը կարող է ստեղծել ենթահանձնաժողովներ, ինչպես նաև` ձևավորել աշխատանքային խմբեր` սահմանելով դրանց խնդիրնեը, գործունեության ժամկետներն ու կարգը` ընտրելով դրանց ղեկավարներին:

6.ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԸ
6.1. Հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Նիստերը հրավիրում է հանձնաժողովի նախագահը: Նիստ կարող են հրավիրել նաև հանձնաժողովի անդամների առնվազն 1/3-ը` ոչ ուշ, քան երեք օր առաջ օրակարգի մասին տեղյակ պահելով հանձնաժողովի անդամներին: Նիստն օրինական է, եթե մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն 1/2 - ը: Որոշումներն ընդունվում են ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ` բաց կամ գաղտնի քվեարկությամբ: Գաղտնի քվեարկությունն անցկացվում է ներկաների առնվազն 1/3-ի պահանջով:
6.2. Հանձնաժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է այդ նիստից առնվազն 1 օր առաջ:

7. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
7.1. Հանձնաժողովի կազմակերպչական, փաստաթղթային, տեղեկատվական և վերլուծական գործունեությունն ապահովում է հանձնաժողովի աշխատակազմը: