Լուրեր

IYDU պատվիրակները հանդիպում են ՀՀԿ գործիչների հետ

09.06.2018

 ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հրավերով այս օրերին Հայաստանում են Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության (IYDU) անդամները: Այցի նպատակը կազմակերպության՝ «Ժողովրդավարությունը գործողության մեջ» խորագրով հավաքն այստեղ անցկացնելն է։

Նախօրեին միջազգային կազմակերպության պատվիրակները հանդիպել են ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հետ։ Վիգեն Սարգսյանը երիտասարդներին է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական գործընթացները, ՀՀԿ մոտեցումները իրողությունների առնչությամբ: Հավաքի պատվիրակները Վիգեն Սարգսյանին հարցեր են ուղղել Հայաստանի անվտանգության խնդիրների, դաշնակից պետությունների, ինչպես նաև արտաքին քաղաքականության վերաբերյալ:

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում IYDU անդամները հանդիպել են նաև ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ. նա երիտասարդներին է ներկայացրել միջազգային կառույցներում ՀՀ անդամակցության առանձնահատկությունները և արդյունքները, մասնավորապես` եվրասիական և եվրոպական ուղղություններով: Անդրադարձ է եղել Հայաստանի տնտեսական ներուժին` արտահանման և ներմուծման հնարավորություններին:

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության անդամների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, խորհրդանական դիվանագիտության խնդիրները, ինչպես նաև պատասխանել ներքին քաղաքական կյանքին վերաբերող հարցերի:

← Վերադառնալ ցուցակին