Լուրեր

Նախագահը հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի և տարածքային ու շրջանային կազմակերպությունների ակտիվի հետ

03.03.2018

 Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի անդամների և տարածքային ու շրջանային կազմակերպությունների ակտիվի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև սեմինարին մասնակցած՝ Արցախի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող կանայք:

Ավանդական դարձած սեմինարի ժամանակ կուսակցական կանայք ամփոփել են 2017թ. խորհրդի և տարածքային կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքները, կուսակցության նախագահին զեկուցել դրանց արդյունքները, որից հետո քննարկել են 2018թ. նախատեսված աշխատանքներն ու կանանց խորհրդի առջև դրված խնդիրները:

Հանրապետական կուսակցության անդամ կանայք խնդրել են Նախագահին իրենց հետաքրքրող կարևոր և արդիական մի շարք հարցերի վերաբերյալ ներկայացնել իր տեսակետներն ու դիրքորոշումները: Հարցերը վերաբերել են ինչպես երկրի արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականությանը, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական վիճակին, կրթության ոլորտում բարեփոխումներին, ժողովրդագրական խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված ծրագրերին:

Հանդիպման ժամանակ Նախագահ Սարգսյանը նաև պարգևներ է հանձնել ՀՀԿ կանանց խորհրդի անդամներին. Հանրապետության Նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրել է ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ Կարինե Աճեմյանին և Մարգարիտ Եսայանին՝ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար: Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվոգրով, շնորհակալագրով և հուշանվերներով են պարգևատրվել կանանց խորհրդի մի խումբ անդամներ՝ կուսակցական, հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության համար:

Նախագահը կարևորել է ՀՀԿ կանանց խորհրդի հետ ավանդական դարձած հանդիպումները, որոնք, նրա համոզմամբ, հնարավորություն են տալիս ազատ ու անկաշկանդ մթնոլորտում քննարկելու հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերը, անդրադառնալու պետության ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին ու արդիական խնդիրներին, կուսակցական գործունեությանը և դրա շրջանակներում կանանց կողմից իրականացվող ծրագրերին:

Հանդիպման առիթով Սերժ Սարգսյանը նաև շնորհավորել է ներկաներին և ի դեմս նրանց՝ հանրապետության բոլոր կանանց առաջիկա տոնի առթիվ՝ մաղթել երջանկություն, հաջողություններ աշխատանքում և անձնական կյանքում՝ ընդգծելով, որ կանանցից շատ բան է կախված թե՛ ընտանիքի համերաշխության ապահովման, թե՛ ընդհանրապես երկրի հաջողության գործում: Նշելով, որ մեր երկրում դեռևս կանանց հնարավորությունները լիարժեք չեն օգտագործվում՝ Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ դեռևս անելիքներ կան: 
Տոնի առթիվ Նախագահը հանդիպմանը ներկա կանանց նվիրել է վերջերս հայ գրահրատարակիչների հրատարակած «Գիտելիքների հանրագիտարան» պատկերազարդ, շքեղ հատորը, որից մեկ օրինակ նվեր էր ստացել Գիրք նվիրելու օրվա առթիվ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հանրագիտարանն օգտակար ու հետաքրքիր կլինի նաև հանդիպմանը մասնակցող կանանց ընտանիքների անդամներին: 

ՀՀԿ կանանց խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Նախագահին հետաքրքիր և օգտակար հանդիպման, ինչպես նաև կանանց խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար և խորհրդի անունից նրան նվիրել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի արվեստի դպրոցի սաների ձեռքի աշխատանքներից:

← Վերադառնալ ցուցակին