Լուրեր

Այս շաբաթվա ընթացքում ՀՀԿ-ն ԱԺ կներկայացնի Արմեն Սարգսյանին՝ որպես ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու

21.02.2018

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես կառաջադրի Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում  Այս շաբաթվա ընթացքում: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է կուսակցության խոսնակ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:



«Անհրաժեշտ է պատգամավորների մեկ քառորդի ստորագրություններն առաջադրման համար, և այս շաբաթվա ընթացքում մենք արդեն այդ ստորագրությունները կհավաքենք և արդեն պաշտոնապես կառաջադրենք ՀՀԿ խմբակցության անունից Արմեն Սարգսյանին որպես ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու»,- ընդգծեց Շարմազանովը:

Նա  նշեց, որ մարտին ՏԻՄ ընտրություններում 20 համայնքներում թեկնածուներ են իրենք առաջադրելու:

Ըստ Շարմազանովի՝ բացի ՀՀԿ-ից, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն էլ են թեկնածուներ առաջադրելու այդ ընտրություններում, իսկ մնացած ընդդիմադիրները կրկին թեկնածուներ չունեն:

«Սա խոսում է այն մասին, որ միգուցե դեռևս չեն կարևորում ՏԻՄ աշխատանքները կամ դեռևս չկան կայացած կառույցներ: Մենք պատրաստ ենք մրցակցության», - հավելեց նա:

Առաջիկա քառօրյայում ընտրվելու են Բարձրագույն դատական խորհրդի անդամներ: 
Այս շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետական կուսակցության ԱԺ խմբակցությունը կքննարկի Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների հարցը և կառաջադրի թեկնածուների ցանկը: Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է լրագրողներին, որ նրանք 5-ն են լինելու, որ պետք է ընտրվեն փետրվարի 27-ից մարտի 2-ը ընկած ժամանակահատվածում:



Շարմազանովը հիշեցրեց, որ և՛ Հանրապետության հաջորդ նախագահի, և՛ Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրություններն Ազգային ժողովում լինելու են գաղտնի: 

«Քանի դեռ խմբակցությունում վերջնական քննարկում չի եղել, կոռեկտ չեմ համարում հրապարակել նրանց անունները: Թեկնածուներ արդեն կան, նրանք շատ պատրաստված, շատ մեծ պրոֆեսիոնալիզմի տեր իրավաբաններ են: Կարծում եմ՝ յուրաքանչյուր պետության բարձրագույն դատական խորհրդում նրանց ներկայությունը կարևոր կլիներ»,- ընդգծեց Շարմազանովը:



← Վերադառնալ ցուցակին