Լուրեր

Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում անցկացվող միջազգային համաժողովի մասնակիցներին

07.11.2016

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Դպրոց-կենտրոնների միության եւ Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի կողմից կազմակերպված միջազգային համաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած պատվիրակության անդամներին: Հանդիպմանը ներկա էր նաեւ մեր երկրում Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը:

Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին, կարեւորել է նման համաժողովների կազմակերպումը, ինչը նշանակալի դեր կարող է ունենալ փորձի փոխանակման համար: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ ՀՀ ԱԺ-ի համար առաջնային է կրթական ծրագրերի իրականացումն ու բանիմաց սերունդ կրթող դպրոցների առկայությունը: Այս համատեքստում նա հավելել է. «Բարձրորակ կրթական համակարգ ունենալը մեր ազգի համար կարեւոր է. եթե երկրում կան առաջատար դպրոցներ, ուրեմն պետությունը հզոր է»:

Հայաստանում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը, պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով խորհրդարանի ղեկավարին ջերմ ընդունելության համար, նշել է, որ հայ-չինական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ հույս հայտնել, որ համաժողովի անցկացումն առավել կխորացնի հայ-չինական կրթական համագործակցությունը:  

← Վերադառնալ ցուցակին