Լուրեր
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ
10.06.2016
Ավարտվեց երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը, կազմակերպված ՀՀԿ կանանց խորհրդի կողմից ՀՀԿ տարածքային կազմակերպությունների կանանց խորհուրդների մասնակցությամբ: Մեկ շաբաթվա ընթացքում տարածքային կազմակերպությաւններում տեղի ունեցան բազմաթիվ կրթական, մշակութային, սոցիալական և այլ տարաբնույթ միջոցառումներ:
Երևան քաղաքի 60 դպրոցներից 1500 -ից ավելի երեխաներ, ուսուցիչներ և ծնողներ այցելեցին մի շարք մշակութային հաստատություններ, այդ թվում` Հայաստանի ազգային պատկերասրահ, Հայաստանի պատմության, Երևան քաղաքի պատմության, Եղ. Չարենցի և Հ. Թումանյանի անվան թանգարաններ:
Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի աշխատակիցները երեխաներին ծանոթացրեցին ցուցադրվող համաշխարհային արվեստի ցուցանմուշներին, ինչպես նաև մեր պատմամշակութային արժեքներին, Հ. Թումանյանի թանգարանում երեխաները ծանոթացան ամենայն հայոց բանաստեղծ` Հ. Թումանյանի կյանքին ու գործունեությանը, Եղ. Չարենցի թանգարանում աշակերտներին դիմավորեց, և Չարենցից հուշեր պատմեց Չարենցի դուստր` Անահիտ Չարենցը, իսկ Երևան քաղաքի պատմության թանգարանում Էքսկուրսավարներն աշակերտներին ներկայացրել են Երևանի պատմության թանգարանը՝ ըստ դարաշրջանները ներկայացնող հարկաբաժինների, ծանոթացրել Երևանի հազարամյակների պատմության դրվագներին, ապա՝ ցուցադրել Երևանի 17-19-րդ դդ. մասին պատմող «Հին Երևանի անցուդարձը եռաչափ գիդ-անիմացիան։
Թանգարաններից պատանիները հեռացան մեծ ոգևորությամբ և ցանկություն հայտնեցին կրկին այցելելու մշակութային այդ օջախները:
Մեկ այլ` արդեն ավանդական դարձած միջոցառում` Հայաստանի սահմանամերձ և հեռավոր գյուղերի երեխաների այցելեությունները` Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Նպատակը` երիտասարդ սերնդի մեջ սերմանել հայրենասիրություն, ծանոթացնել թանգարանին և Սարդարապատի հերոսամարտին նվիրված ցուցանմուշներին և նյութերին: Այս անգամ միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի և Արարատի մարզերի միջին և բարձր դասարանների թվով 200 - ից ավելի աշակերտներ: Երեխաները հանդես եկան մշակութային ծրագրով և կազմակերպվեց հյուրասիրություն:
Հանրապետության տարբեր մարզերում տեղի են ունեցել երեխաներին, մանկությանը, ընտանիքին նվիրված այլ բազմաթիվ միջոցառումներ:
ՀՀԿ կանանց խորհուրդը շնորհակալություն է հայտնում այս ծրագրին իրենց մասնակցությունը բերած բոլոր մշակութային և այլ հաստատությունների ղեկավարներին և աշխատակիցներին, այս նախաձեռնությանը աջակցելու, ուշադրությամբ և հոգատարությամբ երեխաներին ընդունելու, ինչպես նաև ՀՀԿ Երևանի տարածքային կազմակերպություններին ,Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությանը, մասնակից դպրոցների ղեկավարությանը ծրագրին աջակցելու համար, ինչպես նաև ՀՀԿ Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի և Արարատի մարզային կազմակերպություններին համագործակցության համար: