Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Պոնտոսի հույների ցեղասպանության կապակցությամբ
19.05.2016
Մայիսի 19-ին` ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նիստի բացմանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.
«Հարգելի՛ գործընկերներ, այսօր Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրն է: Ողջ աշխարհի հույները խնկարկում են իրենց հայրենակիցների հիշատակը, որոնք ցեղասպանության ենթարկվեցին Օսմանյան Թուրքիայում` Զմյուռնիա քաղաքում եւ Պոնտոսի սեւծովյան առափնյա տարածքներում:
Հիշեցնեմ, որ անցյալ տարի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց հայտարարություն, որով դատապարտեց Օսմանյան Թուրքիայի կողմից հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը:
Ի համերաշխություն հույն ժողովրդի եւ մեր հույն գործընկերների` առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել ցեղասպանված հույն նահատակների հիշատակը»: