Լուրեր

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով

17.05.2016

Մայիսի 17-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրինագծերը, որոնց թվում նաեւ՝ երկրորդ ընթերցմամբ քննարկված «ՀՀ ընտրական օրենսգիրք» նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Նշենք, որ նախապես առաջին ընթերցմամբ ընդունվել են փաթեթում ավելացված նախագիծը եւ հոդվածները, որից հետո կազմակերպվել է երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը:

Խորհրդարանն այնուհետեւ քննարկել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2015 թվականի գործունեության մասին» հաղորդումը, որը ներկայացրել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանը: Նա տեղեկացրել է, որ 2015 թվականին հանրապետությունում գործել է 95 հեռուստաընկերություն, որից 40-ը՝ վերգետնյա եթերային, 55-ը՝ կաբելային /մալուխային/ հեռարձակում իրականացնող եւ 18 ռադիոընկերություն: Հանձնաժողով է ներկայացվել հեռուստառադիոծրագրերի կաբելային /մալուխային/ հեռարձակման լիցենզիա ստանալու 14 դիմում, որից 4-ը մերժվել է: Հանձնաժողովի կարգավորման ոլորտում գործող ընկերությունները հաշվետու տարում ապահովել են ՀՀ պետական բյուջեի զգալի մուտքեր՝ հեռուստառադիոծրագրերի հեռարձակման համար տարեկան պետական տուրքի, սահմանված ժամկետում չվճարված տուրքի գումարի նկատմամբ հաշվարկված տույժի, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, վերաձեւակերպման, «կրկնօրինակ» տրամադրելու համար գանձված գումարների հաշվին: Ընդհանուր առմամբ, այդ մուտքերը կազմել են 226 270 180 ՀՀ դրամ, այդ թվում՝ 2 954 540 ՀՀ դրամ տույժ: Ստացվել է 754 գրություն, որից 6 դիմումը եղել է ՀՀ քաղաքացիներից եւ կազմակերպություններից. դրանք վերաբերել են հեռուստաընկերությունների հաղորդումների անորակությանը, լեզվի անաղարտության պահպանմանը, անբարեխիղճ գովազդին:

Հիմնական զեկուցողին ուղղվել են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերել են հեռուստառադիոհաղորդումների որակին, ուղղվածությանը, հեռուստաընկերությունների թվայնացման գործընթացին եւ կապի որակին, մայրենի լեզվի անաղարտության պահպանմանը, հաղորդումների բովանդակությանը, երեխաների եւ պատանիների համար նախատեսված հաղորդումների բնույթին, շահումով խաղերի գովազդի թույլատրելիությանը եւ այլն:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Նա նշել է, որ հաղորդումը քննարկվել է հանձնաժողովի արտագնա նիստում եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն ընդունվել է ի գիտություն:

Հաղորդման վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորները:

Թեւան Պողոսյանի խոսքով՝ միգուցե բավական աշխատանք է կատարվել, սակայն հաղորդումը ներկայացված է ոչ պատշաճ կերպով: Նա կարեւորել է հանձնաժողովի աշխատանքների բարելավմանը միտված քայլերի իրականացումը, այդ թվում՝ օրենսդրական մակարդակում: Էդմոն Մարուքյանն առաջարկել է մինչեւ հինգերորդ գումարման խորհրդարանի լիազորությունների ավարտը քնարկել եւ տարբերակներ գտնել Հայաստանում մասնավոր մուլտիպլեքսի ստեղծումը հնարավոր եւ իրական դարձնելու վերաբերյալ հարցը: Պատգամավորը կարեւորել է վրացական փորձի ուսումնասիրումը: Ըստ Միքայել Մելքումյանի՝ հանձնաժողովը, որպես անկախ կարգավորիչ մարմին, պետք է հեռուստաընկերությունների համար ստեղծի հավասար մրցակցային պայմաններ: Պատգամավորի կարծիքով՝ ներկայացված հաղորդումը գրեթե չի տարբերվում նախորդից: Տիգրան Ուրիխանյանը խոսել է ոլորտում առկա խնդիրներից, անդրադարձել հեռուստաընկերությունների գործունեությանը: Պատգամավորի կարծիքով՝ հանձնաժողովը պետք է իրականացնի անկողմնակալ գործունեություն: Հեղինե Բիշարյանը կարեւորել է հատկապես սահմանամերձ մարզային հեռուստաընկերությունների դերի բարձրացումը: Պատգամավորը մտահոգություն է հայտնել հեռուստաընկերությունների կողմից լիցենզավորված ֆիլմերի ձեռքբերման վերաբերյալ:

Պատգամավորները հաջորդիվ քննարկել են ՀՀ Վերահսկիչ պալատի 2015 թվականի տարեկան հաշվետվությունը, որը ներկայացրել է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը: Նա նշել է, որ վերահսկողության արդյունքների վերաբերյալ տարեկան հաշվետվությունը կազմելիս Վերահսկիչ պալատն առաջնորդվել է «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքով եւ Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) սկզբունքներով: Հաշվետվությունը ներառում է հաշվետու տարում ՎՊ գործունեության ընդհանուր նկարագիրը, վերահսկողության հիմնական արդյունքները, վերահսկողության արդյունքում հայտնաբերված եւ արձանագրված խախտումները, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ ներկայացված համապատասխան առաջարկությունները եւ եզրակացությունները: Վերահսկողության արդյունքներն ամփոփվել են Վերահսկիչ պալատի 23 ընթացիկ հաշվետվություններում եւ ներառել են սոցիալական, գյուղատնտեսական, առողջապահության, էներգետիկայի, ջրային տնտեսության, դատաիրավական ոլորտները, ինչպես նաեւ վարկային եւ դրամաշնորհային այլ ծրագրերը:

Իշխան Զաքարյանը նաեւ պատասխանել է պատգամավորների հարցերին:

Հարցի քննարկումը կշարունակվի մայիսի 18-ի ԱԺ նիստում:

Վերջին նիստի մեկ ժամը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն հատկացվել է պատգամավորների հայտարարություններին:

 

← Վերադառնալ ցուցակին