Լուրեր

ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԱՐԳԵՆՏԻՆԱՀԱՅ ՄԻ ԽՈՒՄԲ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ

07.05.2016

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է արգենտինահայ մի խումբ բարերարների, ովքեր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ շուրջ ութ տարի Հայաստանում բարեգործական ծրագրեր են իրականացնում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 3.5 միլիոն ԱՄՆ դոլար:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին, բարձր գնահատել նրանց հայրենանվեր գործունեությունը և մեր ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել անցած տարիների ընթացքում բարերարների կողմից տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքների համար:

Սերժ Սարգսյանը ջերմությամբ է հիշել 2014թ. հուլիսին Արգենտինա կատարած իր պաշտոնական այցը, նշելով, որ այդ ընթացքում առիթ ունեցավ ականատես լինելու, թե Արգենտինայում հայության նկատմամբ որքան մեծ հարգանք կա, և ինչ բարձր համբավ են նրանք վայելում այդ երկրում: Այդ ամենը, ըստ Նախագահի, ոգևորության և հպարտության զգացում են առաջացնում, իսկ Բուենոս Այրեսի Արմենիա փողոցը, նրա համոզմամբ, հայության կազմակերպվածության իսկական օրինակ կարող է ծառայել աշխարհի շատ հայ համայնքների համար:

Հանրապետության Նախագահը կարևորել է Հայաստանի անկախացումից ի վեր արգենտինահայերի ներդրումը նաև Հայրենիքի զարգացման ու հզորացման գործում: Նկատի առնելով, որ հանդիպմանը ներկա բարերարները տարբեր ոլորտներում հաջողությունների հասած հայտնի գործարարներ են՝ Նախագահը նրանց հետ քննարկել է մեր երկրի տնտեսության համար հեռանկարային ոլորտներում գործարարների կողմից ձեռնարկություններ հիմնելու հնարավորությունը, որը նոր աշխատատեղերի բացման, երկրի տնտեսության մեջ ներդրումների ներգրավման տեսանկյունից մեծապես օգտակար կլինի ինչպես պետությանը, այնպես էլ գործարարներին:

Արգենտինահայ բարերարները գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստան իրենց այցելությունների ընթացքում տարեցտարի դրական փոփոխություններ են նկատում, և իրենք ևս մտորում են բարերարությունից աստիճանաբար անցնելու տարբեր ոլորտներում ներդրումների իրականացնելունը: Այս ուղղությամբ ՀՀ Նախագահի հետ անկեղծ քննարկումներն արգենտինահայ համայնքի ներկայացուցիչները ոգևորիչ և օգտակար են համարել: 

← Վերադառնալ ցուցակին