Լուրեր

Ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառում` Արմավիրի ՀՀԿ-ական երիտասարդների նախաձեռնությամբ

24.04.2016

Ապրիլի 23-ին Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում գտնվող <<Արաբոյի և ֆիդայիների հայրենասիրական>> ՀԿ-ին կից գործող թանգարանում կայացավ Հայաստանի հանրապետական կուսակցության Արմավիրի տարածքային երիտասարդական կազմակերպության մշակութային հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված գրական-երաժշտական միջոցառումը` նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:

Միջոցառմանը ներկա էր Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանը, ով փոխանցեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանի քաջալերող ու ոգևորող ուղերձը` ընդգծելով նմանատիպ միջոցառումների դերն ու կարևորությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու հայ երիտասարդին հայրենասիրությամբ վարակելու գործում:

ՀՀԿ Արմավիրի տարածքային ԵԿ նախագահն իր հերթին կոչ արեց այլևս լացի ու ողբի միջոցով չընդգծել մեր անցած դժվարին ուղին, այլ վրեժի, մաքառումների ու պահանջատիրական քայլերի միջոցով ստիպել միջազգային հանրությանը և պետություններին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը` որպես բացարձակ իրողություն:
Միջոցառումը շարունակվեց թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի <<Սպի>> ֆիլմի դիտումով և վերջինիս քննարկմամբ:
Հաջորդիվ մասնակիցները երգերի և ասմունքի միջոցով անդրադարձ կատարեցին 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված տեղահանություններին ու ջարդերին և նկարագրելով հայի անցած դառը, բայց և հաղթական ուղին` հասան մինչև մեր օրեր:

Միջոցառման գրական-երաժշտական մասն ամփոփվեց հետևյալ տողերով`
<<Ձյուներդ հայերեն են լալու,
Գարունդ հայերեն է գալու,
Հայերեն են գալու դարերդ...>>:
Սա վկայությունն է այն բանի, որ մերօրյա երիտասարդը վստահ է` հայը, ի հեճուկս թշնամիների ու ի փառս իր պետականության և ժողովրդի, գոյություն է ունենալու հարատև:
Միջոցառման վերջում տեղի ունեցավ մոմավառություն և խնկարկում` ի հիշատակ Ցեղասպանության միլիոնավոր զոհերի:
 

← Վերադառնալ ցուցակին