Լուրեր

Երևանում կբացվի «Արցախյան բարիքներ» ցուցահանդեսը

22.03.2016

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորած պատվիրակության հետ: Առանձնակի կարևորելով հայկական երկու պետությունների մայրաքաղաքների, ինչպես նաև ԼՂՀ շրջանների և Երևանի վարչական շրջանների միջև հաստատված սերտ համագործակցությունը՝ Երևանի քաղաքապետը նկատել է, որ նախանշված բոլոր ուղղություններով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքները հաջողված են և ընթանում են ըստ ժամանակացույցի:


«Երևանի և Ստեփանակերտի, ինչպես նաև ԼՂՀ շրջանների միջև համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Ամեն ամիս մեր պատվիրակությունները և աշխատանքային խմբերն այցելում են ԼՂՀ: Միայն անցած տարվա ընթացքում շուրջ 60 այց է իրականացվել ԼՂՀ, փոխադարձ 40 այցով էլ Արցախից են հյուրընկալվել Երևանում: Այս համագործակցության շրջանակներում մենք իրականացնում ենք տարբեր ծրագրեր, որոնց ուղղությունները գնալով ընդլայնվում են»,- ընդգծել է քաղաքապետը:


Անդրադառնալով Երևանում նախատեսվող «Արցախյան բարիքներ» ցուցահանդեսի անցկացմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է ըստ ամենայնի աջակցելու միջոցառման կազմակերպմանը:


«Մենք ողջունում ենք «Արցախյան բարիքներ» ցուցահանդեսի անցկացումը Երևանում և պատրաստ ենք աջակցել նախաձեռնության կայացման հարցում: Համոզված եմ, որ ցուցահանդեսը կտա իր դրական արդյունքները և կկրի շարունակական բնույթ՝ օգնելով Արցախի արտադրողներին, նաև նպաստելով Երևանում արցախյան ապրանքների առավել ճանաչելի դառնալուն»,- նշել է քաղաքապետը:


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն իր գոհունակությունն է հայտնել երկու մայրաքաղաքների միջև իրականացված ծրագրերի վերաբերյալ և ընդգծել, որ իրապես շոշափելի արդյունքներ են գրանցվել համագործակցության բոլոր ուղղություններով:
«Այսօր ամեն արցախցու համար է տեսանելի Երևանի և Ստեփանակերտի միջև հաստատված համագործակցության հաջողությունն ու կարևորությունը, որում մեծ է անձամբ Ձեր ներդրումը, պարոն քաղաքապետ: Ու համոզված եղեք, որ մենք իսկապես բարձր ենք գնահատում այն մշտական պատրաստակամությունն ու աջակցությունը, որ ցուցաբերվում է Երևանի կողմից»,- նշել է Արթուր Աղաբեկյանը:


Նաև կարևորելով Երևանում «Արցախյան բարիքներ» ցուցահանդեսի անցկացումը՝ ԼՂՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին՝ նախաձեռնությանն աջակցելու պատրաստակամության համար:
«Արցախում գործունեություն ծավալող ձեռնարկությունների համար Երևանում ցուցահանդեսի կազմակերպումը հրաշալի առիթ է՝ ներկայացնելու սեփական արտադրանքը: Ու վստահ եմ, որ այս միջոցառումը համագործակցության նոր սկիզբ կդառնա երկուստեք հարաբերությունների ամրապնդման հարցում՝ նպաստելով Արցախի տնտեսության զարգացմանը»,- ընդգծել է ԼՂՀ փոխվարչապետը:


Հանդիպման շրջանակում ԼՂՀ-ում սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանը ցուցաբերած գործուն աջակցության և բանակ-հասարակություն կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:


«Արցախյան բարիքներ» ցուցահանդեսը կբացվի ապրիլի 2-ին, Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում:
 

← Վերադառնալ ցուցակին