Լուրեր
Ազգային ժողովի քառօրյա նիստում
15.03.2016
Մարտի 15-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը եւ առաջին ընթերցմամբ ընդունել «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ դրան կից մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Այնուհետեւ Ազգային ժողովը շարունակել է քննարկել ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանի, Գարեգին Նուշիկյանի, Միքայել Մելքումյանի, Հակոբ Հակոբյանի, Խաչատուր Քոքոբելյանի եւ ՀՀ կառավարության կողմից համատեղ ներկայացված «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա, կարեւորելով նախաձեռնությունը, կոչ է արել կողմ քվեարկել:
Փաթեթի վերաբեյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորները:
Հրանտ Բագրատյանը, կողմ լինելով նախաձեռնությանը, ներկայացրել է իր մոտեցումները եւ դիտողությունները, մասնավորապես կապված ՌԴ-ից ՀՀ տարածք ավտոմեքենաներ ներկրելու ժամանակ ֆիզիկական անձանցից արդեն գանձված ԱԱՀ-ի փոխհատուցմանը: Ողջունելով նախաձեռնությունը՝ Գագիկ Ջհանգիրյանն անդրադարձել է նախաձեռնության իրավական կողմին: Պատգամավորի կարծիքով՝ պետք է հնարավորություն տալ կառավարությանն իր որոշմամբ սահմանելու գանձված ԱԱՀ-ի փոխհատուցման կարգը: Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը ուշացած է, բայց շատ անհրաժեշտ: Պարոն Հարությունյանը, խոսելով ներկրվող ապրանքային քանակի սահմանափակումից, առաջարկել է վերանայել տվյալ մոտեցումը: Միքայել Մելքումյանը, եւս կողմ լինելով նախաձեռնությանը, խոսել է փաթեթի ընդունումից հետո շուկայում ռիսկերի առաջացման հնարավորությունից:
Եզրափակիչ ելույթներում Սուրեն Կարայանը եւ Վարդան Այվազյանն անդրադարձել են ելույթներում հնչած մտահոգություններին, տվել են պարզաբանումներ:
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկել են «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, ինչպես նաեւ՝ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի, Թեւան Պողոսյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Նշենք, որ օրինագծով առաջարկվում է օրենքը համալրել նոր դրույթով, ըստ որի՝ կարգազանց է համարվում այն պատգամավորը, ով նիստի ընթացքում գրանցվում կամ քվեարկում է բացակա պատգամավորի փոխարեն:
Գլխադասային՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Լեւոն Մարտիրոսյանը:
Օրինագծի վերաբերյալ ելույթ են ունեցել Խոսրով Հարությունյանը եւ Հեղինե Բիշարյանը: Խոսրով Հարությունյանը կարծում է, որ օրենսդրական նախաձեռնությունը դրական ազդեցություն կունենա եւ հետագայում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի կատարելագործման կամ փոփոխությունների ժամանակ առիթ կլինի անդրադառնալ կարգազանցության այլ դեպքերի եւս: Հեղինե Բիշարյանը, ողջունելով նախաձեռնությունը, կարեւոր է համարել պատգամավորի դերի եւ վարկանիշի բարձրացումը հանրության շրջանում:
Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշել է, որ հանրությունն ու լրատվամիջոցներն առավել մանրակրկիտ են ուսումնասիրում պատգամավորների գործունեությունը: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ պատգամավորը պետք է լինի ավելի բարեկիրթ եւ աշխատի բարեկրթության կանոններին համապատասխան: Էդուարդ Շարմազանովը թե՛ իշխանության եւ թե՛ ընդդիմության ներկայացուցիչներին կոչ է արել ԱԺ դահլիճում աշխատել բարեկրթության սահմաններում՝ փորձելով զերծ մնալ անձնական վիրավորանքներ հնչեցնելուց, քննարկել բացառապես երեւույթները եւ օրենսդրական նախաձեռնությունները: «Ես ուզում եմ, որ բոլորիս երեխաներն ապրեն ավելի բարեկիրթ Հայաստանում. ԱԺ-ն այն վայրն է, որտեղ պետք է սահմանվի այդ նշաձողը»,- ասել է պարոն Շարմազանովը: Նա դրական է արտահայտվել նախաձեռնության վերաբերյալ:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրել է 2015 թվականի սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում ստորագրված «Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ եւ այլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքով հսկիչ (նույնացման) նշաններով ապրանքների դրոշմավորում ներդնելու փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին» համաձայնագիրը: Փաստաթղթի հիմնական նպատակն է պաշտպանել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների շահերը կեղծված ապրանքներից: Համաձայնագրով որոշակիացվում է հսկիչ նշաններով ապրանքների դրոշմավորման ներմուծման կարգը, որի գործողությունը տարածվում է որպես անհատ ձեռնարկատեր գրանցված այն իրավաբանական անձանց եւ ֆիզիկական անձանց վրա, որոնք իրենց ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնելու շրջանակներում իրականացնում են բնական մորթուց եւ դրա մասերից պատրաստի արտադրատեսակների շրջանառություն եւ պահպանում, փոխադրում ու իրացում:
Գլխադասային՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրել է հանձնաժողովի 2016 թվականի տարեկան գործունեության ծրագիրը: Նշենք, որ փաստաթուղթը ներառում է տնտեսական մրցակցության իրավիճակի վերլուծությունը եւ առկա հիմնախնդիրների բացահայտումը, տնտեսական մրցակցության պաշտպանության միջոցառումները եւ դրանց իրականացման ժամանակացույցը, տնտեսական մրցակցության կարգավորման մեխանիզմները, մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկները, օրենքով սահմանված խնդիրների եւ գործառույթների իրականացման համար հանձնաժողովի կողմից սահմանված անհրաժեշտ այլ դրույթները: Ծրագրի նպատակն է պաշտպանել եւ խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը ապրանքային շուկաներում, ապահովել բարեխիղճ եւ ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել տնտեսական զարգացման համար բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը, խթանել մրցակցային մշակույթը: Պարոն Շաբոյանը նաեւ ներկայացրել է համաշխարհային մրցունակության զեկույցի կողմից հրապարակված ցուցանիշները մրցակցային միջավայրի վերաբերյալ:
Հանձնաժողովը գերիշխող դիրքի չարաշահումներ է բացահայտել մի շարք ոլորտներում, կիրառվել են համապատասխան պատասխանատվության միջոցներ:
Հանձնաժողովի 2016 թվականի տարեկան գործունեության ծրագրի քննարկումը կշարունակվի մարտի 16-ի ԱԺ նիստում:
Վերջին նիստի մեկ ժամը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն՝ հատկացվել է պատգամավորների հայտարարություններին: