Լուրեր

Արմավիրի ՀՀԿ-ական երիտասարդները պատրաստվում են Սուրբ Սարգսի տոնին

22.01.2016

Հունվարի 22-ին Արմավիրի քաղաքային զբոսայգում Հայաստանի հանրապետական կուսակցության Արմավիրի տարածքային երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառում` սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ:

Հայ առաքելական եկեղեցու տոնացույցում Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը դասվում է շարժական տոների շարքին, ունի 35 օրվա տեղաշարժ: Այս տարի այն նշվելու է հունվարի 23-ին: Սբ. Սարգիս զորավարը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից մեկն է: Այդ օրը Սրբի անունը կրող բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սրբին նվիրված պատարագ: Տոնի մասին շատ ավանդույթներ կան, որոնցից առավել տարածվածը աղի բլիթի ավանդույթն է: Ավանդության համաձայն` բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նախապես ճանաչել իրենք կյանքի կողակցին, աղի բլիթ են ուտում: Գիշերը Սուրբ Սարգսի հովանավորությամբ երազում այդ անծանոթը պետք է ջուր առաջարկի: Եթե աղի բլիթ ճաշակողը խմում է այդ ջուրը, ապա անպայման գտնում է իր «երկրորդ կեսին»:
Սուրբ Սարգսին անվանում են նաև «Արագահաս Սարգիս», քանի որ նա միշտ օգնել է կարիքավորներին, սեր ու երջանկություն փնտրողներին:

Սիրո տոնի նախօրեին Արմավիրի ՀՀԿ-ական երիտասարդները միջոցառմանը ներկա, ինչպես նաև Հանրապետության փողոցի և քաղաքային ավտոկայանի տարածքի անցորդներին նախապես օրհնված աղի բլիթներ բաժանեցին: Միջոցառման ժամանակ երիտասարդներին ներկայացվեց նաև տոնի խորհուրդը: 

← Վերադառնալ ցուցակին