Լուրեր

Խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը

16.12.2015

 Դեկտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, որից հետո պատգամավորները շարունակել են առաջին ընթերցմամբ քննարկել «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որի վերաբերյալ իրենց կարծիքներն են ներկայացրել պատգամավորները: Թեւան Պողոսյանը կարեւորել է խնդրի համակարգային լուծումը, նշելով, որ խնդրի կարգավորման որոշ փուլեր ներառված չեն փաթեթում: Նա հետաքրքրվել է, թե հանրապետության 3040 գյուղացիական տնտեսություններին ինչ է տալու այս օրենսդրական նախաձեռնությունը: Մհեր Շահգելդյանը խոսել է կոոպերատիվների ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ, ներկայացրել մի շարք առաջարկներ: Ըստ նրա՝ կոոպերատիվների ստեղծումը կարող է նպաստել նաեւ արտագաղթի նվազեցմանը: Միքայել Մելքումյանն անդրադարձել է փաթեթի ընդունման նպատակահարմարությանը՝ կարծիք հայտնելով, որ անհրաժեշտ է գնահատել առկա ռիսկերը եւ ստեղծել պայմաններ՝ գյուղատնտեսական կոոպերատիվների արդյունավետ գործունեության համար: Արծվիկ Մինասյանը գյուղատնտեսության ոլորտի զարգացման տեսանկյունից անհրաժեշտ է համարել կոոպերատիվների ստեղծումը, սակայն նշել է, որ փաթեթը լրամշակման կարիք ունի: Նա մի շարք առաջարկներ է ներկայացրել: Լեռնիկ Ալեքսանյանը կարեւորել է քննարկվող օրենսդրական նախաձեռնությունը եւ նշել, որ ընդունման դեպքում այն արմատական փոփոխություններ կառաջացնի գյուղատնտեսության ոլորտում: Հովհաննես Մարգարյանը եւս կարեւորել է փաթեթի ընդունումը մի քանի տեսանկյունից եւ նկատել, որ կոոպերատիվների ստեղծումը հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ օգտագործել հողերը: Հեղինե Բիշարյանն անդրադարձել է ոլորտում իրականացվող քաղաքականությանը, անհրաժեշտ համարել հաջորդ փուլերում առավել մանրամասն քննարկել փաթեթը: Նա հետաքրքրվել է, թե արդյոք իրականացվել է պիլոտային ծրագիր եւ արդյոք համայնքները պատրաստ են այդ գործընթացին: Մարտուն Գրիգորյանը ներկայացրել է իր մտահոգությունները օրենքի նախագծերի վերաբերյալ: Պատգամավորը նպատակահարմար չի համարել փաթեթի արտահերթ քննարկումը՝ նշելով, որ այն պետք է նախ մանրամասն քննարկվեր գլխադասային հանձնաժողովում:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկել է կառավարության հեղինակած «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Այնուհետեւ ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանի ներկայացմամբ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցողի՝ օրենսդրական փոփոխությունների հիմնական նպատակն է ապահովել ՀՀ-ում ստորերկրյա քաղցրահամ ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանման առանձնահատկությունների օրենսդրական կարգավորումը: Ջրային օրենսգիրքը լրացվել է նոր հասկացություններով, ինչպիսիք են ստորերկրյա ջրերը, արտեզյան ջրերը, գրունտային ջրերը, բնաղբյուրները, կրկնակի ջրօգտագործումը: Ըստ փոխնախարարի՝ դա թույլ կտա զերծ մնալ տարբեր իրավական ակտերում այդ արտահայտությունների տարաբնույթ մեկնաբանություններից:

Գլխադասային՝ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Տաճատ Վարդապետյանը:

Փաթեթի վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորները:

Մհեր Շահգելդյանը, կարեւորելով նախաձեռնությունը, կարծիք է հայտնել, որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը զարգանում է բնական պաշարների շահագործման ուղղությամբ: Վարդան Այվազյանը, ողջունելով նախաձեռնությունը, ընդգծել է, որ բնական ռեսուրսներին առնչվող խնդիրների լուծման համար ճշգրիտ հաշվարկներ եւ մեխանիզմներ են անհրաժեշտ: Նա անդրադարձել է կառավարության ձեռնարկած քայլերի արդյունքում Սեւանի ջրի ավելացմանը եւ ոլորտում տնտեսական խթանների տրամադրմանը: Պարոն Այվազյանն առաջարկել է կառավարությանը հստակեցնել կառավարման մեխանիզմները: Թեւան Պողոսյանի խոսքով՝ օրենսդրական առաջարկը կարող է դրական ազդեցություն ունենալ, եթե դրանում ներառված մեխանիզմները կյանքի կոչվեն: Նա անդրադարձել է ջրի ոչ ռացիոնալ օգտագործման խնդրին եւ կարեւորել մեր հանրությունում ջրի ռացիոնալ օգտագործման ու կառավարման վարքագծի ձեւավորումը: Հեղինե Բիշարյանի կարծիքով՝ պետք է բնագավառում գույքագրում իրականացվի: Նա խոսել է ջրային ռեսուրսների սակավության եւ վատնման խնդրից: Տիկին Բիշարյանն այն համոզմունքն է հայտնել, որ պետք է ուշադրություն դարձվի, թե ինչպիսին պետք է լինեն արհեստական լճերը եւ սահմանափակում լինի ձկնաբուծությամբ զբաղվելու հարցում: Հովհաննես Մարգարյանի գնահատմամբ՝ ձկնարտադրության ոլորտում վերահսկողությունը պետք է խստացվի եւ քայլեր ձեռնարկվեն՝ խմելու ջրի վատնումը կանխելու համար: Նրա խոսքով՝ պետք է խրախուսել այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք առավել հստակ կարող են ապահովել երկրորդային օգտագործման պայմանները: Կարեւորելով օրենսդրական առաջարկը՝ պարոն Մարգարյանը նշել է, որ պետք է օրենքն ընդունել եւ ազգային հարստությանն առնչվող խնդիրներն ուշադրության կենտրոնում պահել: Միքայել Մելքումյանը, դրական գնահատելով օրենսդրական առաջարկը, խոսել է կառավարման համակարգում առկա բացթողումներից:

Եզրափակիչ ելույթում ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանն անդրադարձել է պատգամավորների մտահոգություններին եւ հորդորել գրավոր առաջարկներ ներկայացնել:

«Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցումով, որը ներկայացրել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը: Նշվել է, որ նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն երթուղային տրանսպորտի գործունեությունը կազմակերպողների, ինչպես նաեւ ուղեւորների, բեռնառաքողի, բեռ ստացողի հետ ծագած հարաբերությունները, ինչը կկանխի կամայականությունները, կստեղծվի անհրաժեշտ միջավայր բարեխիղճ մրցակցության համար՝ պաշտպանելով երկաթուղային տրանսպորտի ծառայություններից օգտվողների շահերը:

ԱԺ արտահերթ նստաշրջանը կշարունակվի դեկտեմբերի 17-ին:

← Վերադառնալ ցուցակին