Լուրեր

Երևանում մեկնարկել է EDS-ի հավաքը. կքննարկվի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև

10.12.2015


Դեկտեմբերի 9-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մեկնարկել է «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության՝ EDS-ի խորհրդի հավաքը։ Նշենք, որ 2015թ. ամռանը Եվրոպայի ամենամեծ երիտասարդական այս կազմակերպությանը անդամակցել է ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը (ԵԿ), և հավաքը Երևանում անցկացվում է Հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության հրավերով։

Բացման արարողության ժամանակ ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը, ողջունելով 20 երկրի շուրջ 50 երիտասարդներին, ընդգծեց, որ հավաքի օրակարգը բավականին հագեցած է։ Նա հույս հատնեց, որ կառույցը Երևանում կունենա արդյունավետ աշխատանք։ «Մենք փորձել ենք անել հնարավորը, որպեսզի EDS-ին անդամակցող կառույցների ներկայացուցիչները կարողանան լավ ճանաչել մեր երկիրը և՜ քաղաքական, և՜ պատմական, և՜ ուսանողներին առնչվող գործընթացների առումներով։ Հայաստան են եկել Եվրոպայի տարբեր երկրների ակտիվ երիտասարդներ, որոնք վաղն առանցքային դեր են կատարելու իրենց պետությունների կառավարման օղակներում, եվրոպական քաղաքականության մեջ, մասնակցելու են որոշումների կայացման գործընթացին։ Ուստի շատ կարևոր է, որպեսզի նրանք լավագույնս ճանաչեն Հայաստանը»,- նշեց Կարեն Ավագյանը՝ տեղեկացնելով, որ EDS-ի խորհրդի հավաքի օրակարգում ներառվել է նաև Հայոց ցեղասպանությունը դատապարտող, ճանաչող բանաձև, որի քննարկումները սպասվում են դեկտեմբերի 12-ին։

«Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության նախագահ Գիորգոս Հաջիգիորգիոն նկատեց, որ իրենց քննարկումների առարկան հիմնականում լինելու է Արևելյան գործընկերության երկրներում կառավարման մոդելների թեման. «Մենք տեղյակ ենք, որ դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, և մեր հանդիպումների հիմնական թեման լինելու է վեր հանել կառավարման համակարգերի լավ ու վատ կողմերը, առավելություններն ու թերությունները»։

EDS-ի խորհրդի հավաքի բացմանը ներկա էր ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նա եվրոպացի երիտասարդների հետ խոսեց ՀՀ կրթական համակարգի մասին։ ԿԳ նախարարը ընդգծեց, որ Հայաստանը 2005 թվականին անդամակցել է Բոլոնիայի գործընթացին՝ համագործակցության հարթակ ձևավորելով եվրոպական կրթական տարածքի հետ։ Նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանը միակ ոչ ԵՄ անդամ երկիրն է, որը ստանձնել էր Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը 3 տարով և Բոլոնիայի նախարարական գագաթաժողովն անցկացրել Երևանում:

Նշենք, որ EDS-ը Եվրոպայի ժողովրդական կուսակցության պաշտոնական ուսանողական կազմակերպությունն է։ Այն համախմբում է Եվրոպայի 35 երկրի ավելի քան 1,5 միլիոն ուսանողների։

 

← Վերադառնալ ցուցակին