Լուրեր

Երևանում անցկացվում է EDS-ի խորհրդի հավաքը

09.12.2015

 Դեկտեմբերի 9-13-ը Երևանում անցկացվում է «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության՝ EDS-ի խորհրդի հավաքը, որը կրում է «Կառավարման նոր մոդելների ներդրումը Արևելյան գործընկերության երկրներում» խորագիրը։ «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության խորհրդի հավաքը Երևանում հյուրընկալվել է Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության (ԵԿ) հրավերով։ Ի դեպ, ՀՀԿ ԵԿ-ն այս տարվանից անդամակցում է միջազգային այս կառույցին։ Հավաքին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել շուրջ 20 երկրի ավելի քան 40 պատվիրակներ։
Նշենք, որ EDS-ը Եվրոպայի ժողովրդական կուսակցության պաշտոնական ուսանողական կազմակերպությունն է։
«Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության խորհրդի հավաքի օրակարգում կքննարկվեն մի շարք հարցեր, այդ թվում՝ ներկազմակերպչական, ուսանողներին առնչվող ռիսկերին, ապագա ծրագրերին վերաբերող թեմաներ։ Օրակարգում ընդգրկված է նաև Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման հարցը։
EDS-ի անդամները Երևանում հանդիպումներ կունենան ինչպես ՀՀ պաշտոնատար անձանց, այնպես էլ երիտասարդական և ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ։
Նշենք, որ European Democrat Students-ն ուսանողական-երիտասարդական քաղաքական կազմակերպություն է: Լինելով Եվրոպայի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ այն ներկայացնում է 1 600 000 ուսանողների 35 եվրոպական երկրներից: «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» կազմակերպությունը համախմբում է ուսանողական և քաղաքական երիտասարդական կազմակերպություններին՝ միասին ձևավորելու Եվրոպայի արդի աջակենտրոն քաղաքականությունը: Կազմակերպության հիմնական նպատակն է ողջ մայրցամաքում նպաստել ազատ, ժողովրդավար և միացյալ Եվրոպայի առաջխաղացմանը ուսանողական ավելի մեծ շարժունության և համապարփակ կրթության միջոցով:

← Վերադառնալ ցուցակին