Լուրեր

Խորհրդարանն ավարտել է «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը

19.11.2015

 Նոյեմբերի 19-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական քառօրյա նիստում քննարկել «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նիստի մեկնարկին երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ արտահերթ ելույթ է ունեցել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Ելույթին կարելի է ծանոթանալ ԱԺ կայքէջում:

Այնուհետեւ պատգամավորներն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով ողջունել են նիստին հետեւող Հայաստանում ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքների ուսուցիչներին եւ աշակերտներին:

Պետական բյուջեի նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են շարունակել ներկայացնել պատգամավորները:

Արամ Մանուկյանն անդրադարձել է պետական պարտքին, այն համարելով վտանգավոր երկրի համար: Հակոբ Հակոբյանն անդրադարձել է պետական բյուջեի սոցիալական ոլորտին եւ նշել, որ այս ոլորտում որդեգրած քաղաքականությունն ուղղված է աղքատության նվազեցմանը: Գագիկ Մելիքյանի դիտարկմամբ՝ պետական բյուջեն արտացոլում է իրականությունը՝ արտաքին բացասական ազդեցության եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում:

Օգտվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի ընձեռած հնարավորությունից` արտահերթ ելույթ է ունեցել նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը ներկայացրել է 2016 թվականին կրթության եւ գիտության ոլորտին տրամադրված գումարներն ու իրականացվելիք ծրագրերը: Կրթության ոլորտի հատկացումները 2016 թվականին, ըստ նախարարի, ավելի շատ են, քան ընթացիկ տարում: Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ հանրակրթության ոլորտին 2016-ին հատկացվելու է ավելի շատ գումար՝ հաշվի առնելով աշակերտների թվի աճը, իսկ բարձրագույն կրթության ֆինանսավորումն ավելացվել է 800 մլն դրամով: Հատկացումների հիմնական նպատակը բարձրագույն կրթության մատչելիություն մեծացումն է:

Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Ազգային ժողովի փոխնախագահի խոսքով՝ արտաքին աշխարհից եկող բացասական զարգացումների պարագայում 2015 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 4.2 տոկոս աճ, որին նպաստել են գյուղատնտեսությունը եւ արդյունաբերությունը:

Հերմինե Նաղդալյանի դիտարկմամբ՝ տնտեսությանը պետական աջակցության ծրագրերից բացի, կառավարությունը բազմաթիվ քայլեր է ձեռնարկում. սահմանվում են արտոնություններ, վերացվում են անհարկի ստուգումները: ԱԺ փոխնախագահը նորմալ է գնահատել ձեռնարկությունների բացվելն ու փակվելը. դա, ըստ Հերմինե Նաղդալյանի, շարունակական գործընթաց է: Անդրադառնալով պետական ծախսերի կրճատման հարցին՝ ԱԺ փոխնախագահն առավել նպատակահարմար է համարել եւ կրճատել դրանք, եւ եղած միջոցներն օգտագործել տեղին եւ արդյունավետ:

Հերմինե Նաղդալյանը տեղեկացրել է, որ Հայաստանն այսօր առեւտրատնտեսական կապերը զարգացնում է ոչ միայն ԵՏՄ-ի, այլեւ ԵՄ-ի, Չինաստանի, Իրանի հետ, որոնք մեր երկրին տալիս են նոր հնարավորություններ:

Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ ակնհայտ է, որ արդյունաբերության, շինարարության դերը մեր երկրում նվազում է, եւ տնտեսական աճի աղբյուր են դառնում գյուղատնտեսությունը, առեւտուրն ու բանկային համակարգը:

Բյուջեի նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել խմբակցությունները:

ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Միքայել Մելքումյանը: Պատգամավորը հանգամանալի անդրադարձել է ներդրումների ծավալին, որի նվազումը Միքայել Մելքումյանը պայմանավորել է քաղաքական հանգամանքներով:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամի կարծիքով՝ տնտեսության հիմնական մարտահրավերներն են արտաքին ազդակները, արտաքին պարտքը, որը, ըստ պատգամավորի, 2014 թվականին կրկնապատկվել է, էներգետիկ խնդիրները, որոնք լուրջ ռիսկեր են պարունակում: Պատգամավորը խոսել է նաեւ տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների զուգակցման գործընթացից:

«Օրինաց երկիր» խմբակցության տեսակետն է ներկայացրել խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նրա խոսքով՝ հիմնական ծախսային ուղղությունները գրեթե չեն փոխվել, հետեւաբար 2016-ի նախագիծը սոցիալական որակելը տեղին չէ, քանի որ կանխատեսվող գնաճի պայմաններում չեն ավելանալու ոչ կենսաթոշակները, ոչ նվազագույն աշխատավարձը եւ ոչ էլ այլ կարեւորագույն եւ պարտադիր ծախսերը: Ըստ ՕԵԿ խմբակցության ղեկավարի՝ հաջորդ տարվա բյուջեի նախագիծը լավատեսության առիթ չի տալիս, քանի որ այս տարի նվազել են արտահանման ծավալները, իջել է քաղաքացիների գնողունակության մակարդակը, կրճատվել են Ռուսաստանից կատարվող դրամական փոխանցումները: ՕԵԿ-ը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին:

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրել է Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա՝ գալիք տարվա պետական բյուջեի նախագիծն արտացոլում է երկրում վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը: Խմբակցության ներկայացուցիչը թվարկել է նախորդ տարիներին տեղի ունեցած այն գործընթացները, որոնք հանգեցրել են գործազրկության ու աղքատության չափերի մեծացման, արտագաղթի, արտաքին պարտքի ավելացման եւ այլն: Նա անհրաժեշտ է համարել իրականացնել քայլեր, որոնք կնպաստեն ներդրումների խրախուսմանն ու երկրի զարգացմանը: Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ ՀՅԴ խմբակցությունը չի կարող կողմ քվեարկել այս նախագծին:

ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, նա խոսել է գործազրկության ու արտագաղթի աճի տեմպերից, նշել այն գործոնները, որոնց առկայության դեպքում կարող են կրճատվել արտագաղթն ու գործազրկությունը: ՀՅԴ խմբակցության ղեկավարն անդրադարձել է պետական պարտքի ավելացմանն ու ներդրումների կրճատմանը, խոսել մենաշնորհների առկայությունից եւ տնտեսության մեջ մրցակցության բացակայությունից, ինչը, նրա գնահատմամբ, խոչընդոտում է երկրի զարգացումը: Լեւոն Զուրաբյանն իրազեկել է, որ ՀԱԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու պետական բյուջեի նախագծին:

ՀՀԿ խմբակցության դիրքորոշումը ներկայացրել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա անդրադարձել է գործընկերների ելույթներին եւ նշել, որ որոշ գործընկերներ իրենց ելույթները կառուցել են՝ շրջանցելով քննարկվող նախագիծը: Անդրադառնալով բյուջեի նախագծում արտացոլված ֆինանսական ցուցանիշներին, նա նկատել է, որ դրանք համեստ են, սակայն տնտեսական աճի դանդաղեցումը պայմանավորված է նաեւ արտաքին գործոններով եւ ազդակներով: Նրա գնահատմամբ՝ գալիք տարի նախատեսված 2,2 տոկոս տնտեսական աճը բավարար չէ, սակայն պահպանողական է: Անդրադառնալով վերցվող վարկերին, Վահրամ Բաղդասարյանն ընդգծել է, որ հենց այնպես, առանց բարեփոխման լուրջ ծրագրերի առկայության, միջազգային կառույցները վարկեր չեն տալիս: ՀՀԿ խմբակցության գնահատմամբ՝ նախագիծը համահունչ է արտաքին իրավիճակին, այն կայունացնող է եւ իրատեսական: ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին:

Ամփոփիչ ելույթ է ունեցել ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նա շնորհակալություն է հայտնել խորհրդարանին շահագրգիռ եւ բազմակողմանի քննարկման համար, պատրաստակամություն հայտնել համագործակցել եւ նախագիծը բարելավել՝ հաշվի առնելով բոլոր կառուցողական առաջարկները: Նախարարն անդրադարձել է նաեւ քննադատական ելույթներին եւ գնահատականներին, կարծիք հայտնել, որ դրանց որոշ մասը զերծ է եղել մասնագիտական գնահատականներից: Նախարարն անդրադարձել է նաեւ պատգամավորների հարցադրումներին եւ տվել պարզաբանումներ:

«ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քվեարկությունն «ԱԺ կանոնակարգի» համաձայն ընդմիջվել է առնվազն չորս օրով: Բյուջեի նախագծի քննարկումն ընդմիջելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, ԱԺ պատգամավորները, խմբակցություններն ու հանձնաժողովները կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու եզրակացությունները:

Այնուհետեւ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Իշխան Զաքարյանի եւ Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է Հովհաննես Մարգարյանը: Հեղինականերն առաջարկում են սննդամթերքի, մասնավորապես, երշիկեղենի վերաբերյալ առավել համգամանալի տեղեկություններ տալ սպառողներին: Առաջարկվում է տեղեկացնել, թե ինչպիսի սննդային հավելումներ կան դրանցում: Բացի այդ՝ հեղինակներն առաջարկում են տեղյակ պահել սպառողներին կաթի եւ կաթնամթերքի պարենային հումքի մշակման ենթարկված լինելու մասին: Նախագծի վերաբերյալ դրական էր թե ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի, թե կառավարության եզրակացությունը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Արաիկ Հովհաննիսյանի, Արծվիկ Մինասյանի, Մարգարիտ Եսայանի, Թեւան Պողոսյանի, Մնացական Մնացականյանի եւ Ստեփան Մարգարյանի հեղինակած «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է համահեղինակ Արաիկ Հովհաննիսյանը: Նա հիշեցրել է, որ նախատեսվում է վերացնել վերոնշյալ օրենքում առկա անհստակությունները: Մասնավորապես, առաջարկվում է թույլատրել, որպեսզի համայնքներում ավագանիները հնարավորություն ունենան տեղական տուրքերն ու վճարների դրույքաչափերը սահմանել՝ ելնելով տարածքների գոտիավորման սկզբունքից:

Նախագծի վերաբերյալ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը:

ՀՀ կառավարության դրական կարծիքն է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն առաջին ընթեցմամբ քննարկման է ներկայացրել «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որում առաջարկվող փոփոխությունների ընդունման պարագայում կկարգավորվեն 2016 եւ 2017 թթ. ՀՀ պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացվող ֆինանսական հատկացումների համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկները: Այս նպատակով առաջարկվում է եւս մեկ տարով երկարաձգել օրենքի 9-րդ հոդվածի գործողության ժամկետը:

Հարակից զեկույցում ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել«Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է փախստականի կարգավիճակ ունեցող անձանց նույնպես տրամադրել նույնականացման քարտ, որն օգտագործվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, որը տրամադրվելու է նույնականացման քարտի հիման վրա եւ օգտագործվելու է Հանրապետությունից ելքի եւ մուտքի դեպքերում: Ճամփորդական փաստաթուղթը պարունակելու է էլեկտրոնային պահոց, որում ամրագրվելու են անձի կենսաչափական տվյալները (մատնահետքերը):

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն. այս մասին խորհրդարանին տեղեկացրել է հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկվում է օրենքի դրույթները համապատասխանեցնել ապաստան հայցողներին եւ փախստականներին վերաբերող միջազգային պայմանագրերին, ԵՄ կողմից ընդունված առանձին կանոնակարգերին, ինչպես նաեւ ԵՄ պրակտիկային: Առաջարկվում է միգրացիայի հարցերով լիազոր պետական մարմնին տալ ժամանակավոր տեղավորման կենտրոնում բնակության ներքին կարգապահական կանոնները սահմանելու լիազորություն: Բնակության ներքին կարգապահական կանոններն առնչվելու են կացարանի բնակիչների համակեցության հարցերին:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը տվել էր դրական եզրակացություն:

Վաչե Տերտերյանը ներկայացրել է նաեւ 1985 թ. հոկտեմբերի 15-ին Ստրասբուրգում ստորագրված Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի (կից հայտարարությամբ) 5-րդ, 6-րդ հոդվածները, 7-րդ հոդվածի 2-րդ եւ 10-րդ հոդվածի 3-րդ կետերը վավերացնելու վերաբերյալ հարցը: Առաջարկվում է ընդլայնել Խարտիայի հոդվածների՝ ՀՀ համար կիրառելիության շրջանակը՝ ընդգրկելով նաեւ վերոնշյալ հոդվածները: Պարոն Տերտերյանը նշել է, որ Հայաստանը որդեգրել է ԵԽ-ի կողմից ընդունված Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայում ամրագրված սկզբունքները:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար խորհրդարանը քննարկել է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխութուններ կատարելու մասին» օրինագծերը, որոնք եւս քննարկման է ներկայացրել Վաչե Տերտերյանը: ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովն օրինագծերի վերաբերյալ ներկայացրել է դրական եզրակացություն:

Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը:

← Վերադառնալ ցուցակին