Լուրեր
ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՆԻԿԱՐԱԳՈՒԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ
04.11.2015
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիկարագուայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խուան Էռնեստո Վասկես Առայան (նստավայրը՝ Մոսկվա):
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Առայան, որպես մեր երկրում Նիկարագուայի առաջին դեսպան, իր պաշտոնավարման ընթացքում զգալի ներդրում կունենա միջպետական կապերի զարգացման գործում՝ նպաստելով երկկողմ փոխգործակցության իրական ներուժի բացահայտմանն ու Հայաստանի և Նիկարագուայի միջև առկա բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:
Նիկարագուայի դեսպանը վստահեցրել է, որ իր երկիրը շահագրգիռ է զարգացնելու բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունները և իր գործունեության ընթացքում կանի ամեն հնարավորը երկկողմ կապերը սերտացնելու համար:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, իրավապայմանագրային անհրաժեշտ հիմքի ձևավորման ուղղությամբ ակտիվ աշխատանքը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Նիկարագուայի փոխշահավետ համագործակցությունը, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների խթանումը: