Լուրեր

Գալուստ Սահակյանն ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը

12.10.2015

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահ Իրման Գուսմանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակության անդամներին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը վստահություն է հայտնել, որ Ինդոնեզիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության այցը կնպաստի հայ-ինդոնեզական բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության զարգացմանը:

ԱԺ նախագահը փաստել է, որ հայ-ինդոնեզական պատմական առնչություններն սկիզբ են առնում 16-17-րդ դարերից, երբ Նոր Ջուղայից եւ Հնդկաստանից գաղթած հայերը հաստատվել են ինդոնեզական տարբեր քաղաքներում:

Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է. «Միջպետական հարաբերությունների զարգացման գործում նշանակալի դերակատարում կարող են ունենալ մեր երկրների խորհրդարանները: Խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու եւ միջպետական հարաբերությունները զարգացնելու կարեւոր հարթակ է»:

ԱԺ նախագահն առաջարկել է Ինդոնեզիայի խորհրդարանում դիտարկել հայ-ինդոնեզական խորհրդարանական բարեկամական խմբեր ստեղծելու հնարավորությունը:

Գալուստ Սահակյանը նշել է նաեւ, որ Հայաստանը հաստատակամ է միջազգային կազմակերպություններում հայ-ինդոնեզական գործակցության սերտացմանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է խնդրի խաղաղ բանակցային ճանապարհով կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա: Սակայն Ադրբեջանը շարունակում է խախտել զինադադարը, որի հետեւանքով զոհվում են անմեղ մարդիկ:

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների մասին՝ ԱԺ նախագահը փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Ցեղասպանություն վերապրած ժողովրդի հայրենիք, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման ջատագովն է:

ԱԺ նախագահը կարծիք է հայտնել, որ հայ-ինդոնեզական տնտեսական եւ գործարար հարաբերություններում մեծ ներուժ կա եւ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ խթանելու համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում:

Ինդոնեզիայի Հանրապետության Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահ Իրման Գուսմանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալվել պատմական մեծ ժառանգություն ունեցող երկրում՝ Հայաստանում: Նա, կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, նշել է, որ Ինդոնեզիան պատրաստակամ է զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ: Պարոն Գուսմանն ընդգծել է, որ համագործակցության հեռանկարներ կան հատկապես սպորտի եւ զբոսաշրջության ոլորտներում: Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին՝ Իրման Գուսմանը նշել է, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն տիրի, եւ զարգանա տնտեսությունը:

Պարոն Գուսմանը հույս է հայտնել, որ պատվիրակության այցը կխթանի երկկողմ հարաբերությունների զարգացումը:

Հանդիպման ավարտին Իրման Գուսմանը գրառում է կատարել Ազգային ժողովի պատվավոր հյուրերի գրքում, ապա երկու երկրների խորհրդարանների նախագահները Ազգային ժողովի այգում եղեւնի են տնկել՝ ի նշան հայ-ինդոնեզական բարեկամության:

← Վերադառնալ ցուցակին