Լուրեր
ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԻԵՏՆԱՄԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ
06.10.2015
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նգուեն Թհան Շոնը (նստավայրը` Մոսկվա):
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը և դեսպան Նգուեն Թհան Շոնը քննարկել են հայ-վիետնամական հարաբերությունների հեռանկարին վերաբերող հարցեր՝ այդ համատեքստում կարևորելով բարձր մակարդակի քաղաքական ակտիվ երկխոսությունը, հաճախակի փոխայցելությունները, միջխորհրդարանական և միջկառավարական մակարդակներով փոխգործակցության զարգացումը:
Նախագահը ջերմությամբ է հիշել 2012թ. Վիետնամ կատարած իր պաշտոնական այցը և երկրի բարձր ղեկավարության հետ հանդիպումներում ձեռքբերված պայմանավորվածությունները՝ ուղղված Հայաստանի և Վիետնամի միջև բարեկամության և համագործակցության ամրապնդմանը:
Դեսպան Նգուեն Թհան Շոնը շնորհակալություն է հայտնել Նախագահին շնորհավորանքի և բարեմաղթանքների համար, նշելով, որ Հանոյում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության բացումը ևս մեկ վկայություն է երկկողմ հարաբերությունների զարգացման գործում բարեկամ Հայաստանի պատրաստակամության մասին: Նա վստահեցրել է, որ իր երկիրը շահագրգիռ է նոր խթան հաղորդելու երկկողմ հարաբերություններին և որպես դեսպան, կանի ամեն հնարավորը՝ սերտացնելու Վիետնամի և Հայաստանի միջև կապերը: Նգուեն Թհան Շոնը նշել է, որ հաճույքով է հիշում Երևանում իր ուսանողության տարիներն ու հյուրընկալ և աշխատասեր հայ ժողովրդի մասին դեռ այն ժամանակ ստացած հրաշալի տպավորությունները: