Լուրեր

Ամառային հավաք DEMYC-ի շրջանակներում ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ

20.07.2015

 Հուլիսի 16-19-ը Սլովենիայում անցկացվեց Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի (The Democrat Youth Community of Europe-DEMYC) նախաձեռնությամբ կազմակերպված ամառային հավաքը: Հավաքի թեման էր <<Օրենքի գերակայության կիրառությունը և իրականացումը>>: Ծրագրին ակտիվ մասնակցություն ցուցաբերեց Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը:
Հավաքը միավորում էր տարբեր երկրների շուրջ 45 երիտասարդ քաղաքական գործիչների:
Ծրագրի առաջին օրվա ընթացքում երիտասարդները կլոր սեղանի շուրջ քննարկում ունեցան <<Երիտասարդությունը, ժողովրդավարությունը և ԵՄ հեռանկարները>> թեմայով:
Հավաքի հաջորդ օրերին երիտասարդներն այցելեցին նախագահի պալատ և հանդիպում ունեցան նախագահի հետ, հանդիպումներ եղան նաև Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների հետ: Ծրագրի շրջանակներում քննարկվեց օրենքի գերակայության կարևորությունը, ներկայացվեց Սլովենիայի փորձը, դատական համակարգի թերությունները, խոսվեց դեմոկրատիայի կառուցման գործում երիտասարդների դերի մասին:
Ծրագրի եզրափակիչ օրվա ընթացքում կայացավ 127-րդ Գործադիր կոմիտեի հանդիպումը, այնուհետև երիտասարդները քննարկեցին երիտասարդական ծրագրերի համար միջոցների հավաքագրման հարցը:
ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը, ով DEMYC-ի 25-րդ համաժողովում ընտրվել է DEMYC-ի փոխնախագահ, կարևորեց նման հավաքների պարբերական անցկացումը և դրանցում հայ երիտասարդների ներգրավվածության դերը, քանի որ այսպիսի հավաքների ընթացքում տեղի է ունենում փորձի և կարծիքների փոխանակում, երիտասարդները զինվում են կիրառական նոր հմտություններով և գիտելիքներով, ունենում են ակտիվ քննարկումներ, վեր են հանում առկա խնդիրներ և փորձում են գտնել համապատասխան լուծման ուղիներ: 

← Վերադառնալ ցուցակին