Լուրեր

Երիտասարդ ՀՀԿ-ականները արդյունավետորեն ներկայացնում են ազգային արժեքները նույնիսկ ամենասուր քաղաքական մթնոլորտում

13.06.2015

Օրերս Վրաստանի Կախեթի քաղաքում մեկնարկեց գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների հնգօրյա ամառային դպրոցը: Ծրագրին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարբեր կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչներ:

Մինչ ծրագրի պաշտոնական մասի բացումը երիտասարդները ծանոթացան Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության(CDU) երիտասարդական միության կառուցվածքին և ունեցած դերին:

Ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվեց ԿԱՀ Քաղաքական երկխոսության հարավկովկասյան տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քանան Աթիլգանի ողջույնի խոսքով, որին անմիջապես հաջորդեց <<Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման կովկասյան ինստիտուտ>>-ի ղեկավար Գիա Նոդիայի զեկույցը` <<Հարավային Կովկասի քաղաքական միջավայրը, տեղական իշխանությունները և քաղաքական կուսակցությունները>> խորագրով: Զեկույցի ավարտից հետո դասընթացավար Շորենա Լորթկիպանիձեն երիտասարդներին ներկայացրեց ԿԱՀ քաղաքական ծրագրերը, հիմնական նպատակները և ակնկալիքները: Այնուհետև տեսական հատվածից անցում կատարվեց գործնականի: Երիտասարդները անհատական և խմբային աշխատանքների ընթացքում սովորեցին, թե ինչպես կարելի է քաղաքական ծրագրեր պատրաստել դրամաշնորհներին ներկայացնելու համար, ինչպես ստեղծել կուսակցություններ, կազմել կուսակցական կանոնադրություն, նախընտրական ծրագրեր, ծանոթացան բանակցային արվեստին, քննարկումներ ունեցան կոալիցիոն կառավարման և մի շարք այլ հարցերի շուրջ:

Ծրագրի ընթացքում ՀՀԿ-ական երիտասարդները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ <<Անմոռուկ>> կրծքանշաններ բաժանեցին ծրագրի կազմակերպիչներին և մասնակիցներին, ինչպես նաև հանգամանորեն ներկայացրին ՀՀԿ վերջին խոշոր հաջողությունները` կապված Ցեղասպանության ճանաչման հետ, մասնավորապես` Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի(DEMYC) և Եվրոպական ժողովուրդների կուսակցության երիտասարդական կազմակերպության(YEPP) ծրագրերի շրջանակներում:

Հավելենք, որ ամառային դպրոցի առաջիկա օրերին նախատեսված են դասընթացներ որոշումների կայացման մեխանիզմի և ժողովրդավարական արդյունավետ քաղաքականության վարման կանոնների մասին: Ծրագրի ավարտին մասնակիցները կպարգևատրվեն համապատասխան վկայականներով:

← Վերադառնալ ցուցակին