Լուրեր

Ուսումնասիրվել են վերջին երեք տարիների ապօրինի շինարարության ուղղությամբ կազմված արձանագրությունները

04.05.2015

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում ուսումնասիրվել է 2012-2014 թվականների ընթացքում խախտումներ արձանագրված հասցեների առկա վիճակը: Նշվել է, որ 6 վարչական շրջաններում հայտնաբերվել են առանց համապատասխան փաստաթղթերի շինարարությունը շարունակելու դեպքեր, որոնց մասով կազմվել է շուրջ 20 վարչական կրկնակի արձանագրություն: Այս մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է աշխատանքները պահել խիստ հսկողության տակ ու կրկնության դեպքում ձեռնարկել օրենքով սահմանված անհրաժեշտ բոլոր քայլերը և գործերն ուղարկել ՀՀ դատախազություն:
«Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը ակտիվ պայքար է տանում ապօրինաշինության և հողազավթման դեպքերի կանխնման ուղղությամբ: Եվ անընդունելի է, որ նման խիստ հսկողության պարագայում որոշ հասցեներում կրկնվում են խախտումները: Ոմանք գուցե նշեն, որ 20 դեպքը չնչին է՝ հատկապես համեմատելով 5 կամ 10 տարի առաջվա համանման դեպքերի հետ, բայց ինձ համար այսօր անգամ մեկ դեպքն է անընդունելի: Նման ուսումնասիրությունների անցկացումը այսուհետ դառնալու է աշխատաոճ: Եղեք ավելի խիստ և հետևողական, որպեսզի անգամ ապօրինի շինարարություն սկսելու մտադրությունը բացառվի, էլ չեմ խոսում նույն հասցեում դրանց կրկնման հնարավորության մասին: Իսկ կրկնակի բոլոր խախտումների դեպքում, օրենքով սահմանված կարգով, գործերը տրամադրեք դատախազությանը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող հսկողությանը՝ քաղաքապետը հանձնարարել է վարչական շրջանների համապատասխան ծառայությունների հետ համատեղ շարունակել հատկապես երեկոյան ժամերին երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ խմբաքանակի ապահովման ու քաղաքացիների պատշաճ սպասարկման մշտադիտարկումները:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ընթացքում են կանաչապատման և ծաղկապատման աշխատանքները: Զուգահեռ մեկնարկել են ոռոգման ցանցերի անցկացման և խորքային հորերի շինարարական աշխատանքները: Հանձնարարվել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ՝ սահմանված ժամկետում աշխատանքներն ավարտելու և կանաչ տարածքների խնամքը պատշաճ կազմակերպելու նպատակով:
Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է նախքան համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները աճուրդի ներկայացնելը, ինչպես նաև շինարարություն իրականացնելու նպատակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրումը, տվյալ տարածքներում կատարել ուսումնասիրություններ՝ բացառելու ծառապատ տարածքներում շինթույլտվության տրամադրումը:
«Ամեն տարի ծառատունկերի շրջանակում մենք տասնյակ հազարավոր ծառեր ենք տնկում՝ մեր նախանշած ավելի կանաչ Երևանն ունենալու նպատակով: Բայց եթե մի կողմից պետք է ծառեր տնկենք, իսկ մյուս կողմից թույլ տանք ծառեր հատվեն, ապա մենք երբեք էլ չենք հասնի մեր նպատակին: Դրա համար խստորեն հետևեք, որ բացառվեն նման դեպքերը: Մինչ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներն աճուրդի դնելը կամ շինթույլտվություն տրամադրելը, անձամբ եղեք տվյալ տարածքներում և համոզվեք, որ դրանք ծառապատ չեն ու ծառ հատելու խնդիր չկա», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով ընթանում են մայրաքաղաքի փողոցների, մայթերի, զբոսայգիների ու բակային տարածքների սանիտարական մաքրման, ինչպես նաև շաբաթօրյակի աշխատանքները: Այս մասով հանձնարարվել է շարունակել աշխատանքները՝ շաբաթօրյակներին ակտիվորեն ներգրավելով քաղաքապետարանի ենթակայության կրթական, առողջապահական հաստատություններին, նաև համատիրություններին: Հանձնարարվել է նաև գույքագրել և սեղմ ժամկետում վերացնել այդ տարածքների արտաքին լուսավորության ցանցում առկա թերությունները:
Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ ամենօրյա ստուգայցերի արդյունքում ապրիլ ամսին հայտնաբերվել և արձանագրվել է 59 դեպք: Ողջունելով տնտեսվարողների ակտիվությունը՝ քաղաքապետը հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ իրականացվող հսկողությունը:
«Այսօր կարող ենք վստահ ասել, որ յուրօրինակ մշակույթ ձևավորելու ուղղությամբ տարված մեր աշխատանքները որոշակի արդյունք տվել են: Բազում տնտեսվարողներ բարեխղճորեն կատարում են ավագանու որոշմամբ սահմանված իրենց պարտավորությունները: Բայցև բավարարվել առկա արդյունքներով նույնպես պետք չէ, ուստի շարունակեք այս ուղղությամբ աշխատանքները, որպեսզի ունենանք 100 տոկոսանոց արդյունք», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը հանձնարարել է հսկողության տակ պահել 2015 թվականի ծրագրով վարչական շրջաններում մեկնարկած շքամուտքերի, ինչպես նաև հարթ և թեք տանիքների վերանորոգման գործընթացը և պարբերաբար զեկուցել ընթացքի մասին: Հանձնարարվել է նաև գույքագրել և մեկնարկել բակային տարածքների նկարազարդման ու գունազարդման աշխատանքները:
Անդրադառնալով Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների անցկացմանը՝ մշակույթի և տուրիզմի վարչության պետը զեկուցել է, որ նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են: Մայիսի 9-ին բոլոր վարչական շրջանների կենտրոնական հատվածներում, հուշարձանների հարակից տարածքներում, մշակույթի տներում կազմակերպվելու են տոնական միջոցառումներ:
Մայիսի 22-ին վերջին զանգի միջոցառումները պաշտաճ կազմակերպելու նպատակով քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է համապատասխան աշխատանքներ տանել և զեկուցել ընթացքի մասին: Արդեն ավանդական դարձած «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի կազմակերպման նպատակով էլ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և կազմել միջոցառումների հստակ ծրագիր և ժամանակացույց: Հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել նաև երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առթիվ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին