Լուրեր
Հանձնարարվել է մշտական հսկողություն սահմանել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքի նկատմամբ
27.04.2015
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչև օրակարգային հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր գոհունակությունն է փոխանցել քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցներին և պետական ծառայություններին` մայրաքաղաքում Ցեղասպանության 100-ամյա տարելիցի գլխավոր միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու անցկացումն ապահովելու համար: Հանձնարարվել է նաև մշտական ուշադրության տակ պահել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքի մաքրության ապահովումն ու կանաչ տարածքների խնամքը: Բացի այդ, տարածքի պահպանման նպատակով ոստիկանության հետ համատեղ կսահմանվի հատուկ հսկողություն:
Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 41 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների հետ շարունակել ամենօրյա աշխատանքներն ու գործընթացը պահել խիստ հսկողության տակ: Զեկուցվել է, որ Երևանի ավագանու որոշմամբ հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման ուղղությամբ իրականացված ստուգայցերի արդյունքում նախորդ շաբաթ 14 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը ինչպես մասնավոր հատվածի, այնպես էլ պետական կառույցների կողմից պարտավորությունների կատարման նկատմամբ և վարչական տույժերի կիրառումից բացի, անհրաժեշտության դեպքում ձեռնարկել օրենսդրությամբ սահմանված համապատասխան քայլեր: Նաև հանձնարարվել է շարունակել վարչական շրջաններում ամենօրյա մաքրման և շաբաթօրյակների կազմակերպման աշխատանքները: Անդրադառնալով մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքներին՝ քաղաքապետը հանձնարարել է ակտիվացնել հատկապես ծաղկապատման, ոռոգման ցանցի անցկացման և խոտհնձի աշխատանքները:
Մայրաքաղաքում հաշվառված 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու նպատակով մայրաքաղաքում կառուցվող շենքերի շինարարական աշխատանքների ընթացքի հետ կապված քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել ժամկետների պահպանման նկատմամբ, որպեսզի շենքերը շահագործման հանձնվեն հնարավորին շուտ:
«Կառուցվող 4 բազմաբնակարան բանկելի շենքերով մենք, ըստ էության, ամբողջությամբ կլուծենք մինչ 2014 թվականի հունվարի 1-ը Երևանում հաշվառված, քանդման ենթակա 4-րդ աստիճանի վթարային բոլոր շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցը: Սա, ըստ էության, Երևանի զարգացման քառամյա մեր ծրագրի բաղադրիչներից մեկն է, որը լուծում ենք այս տարի: Հետևեք աշխատանքների ընթացքին, որպեսզի բոլոր շենքերը սահմանված ժամկետներում հանձնված լինեն շահագործման»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ են 2015 թվականի ծրագրով նախատեսված կենտրոնական և բակային տարածքների ասֆալտապատման, մասնավորապես փոսալցման, փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները:
Քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող թեժ գծերի հեռախոսահամարներով բարձրացվող խնդիրների լուծման ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ստացվել է 199 հեռախոսազանգ: Ներկայացված 140 հարցերի տրվել են համապատասխան լուծումներ և սպառիչ պատասխաններ, իսկ մնացած 59-ը կատարման ընթացքում է:
Զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում մայիսի 9-ի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ՝ վարչական բոլոր շրջանների կենտրոնական հատվածներում և համապատասխան հուշարձանների հարակից տարածքներում տոնական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:
Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների՝ արդեն ավանդական դարձած այցերի կազմակերպման և ժամկետների հստակեցման նպատակով քննարկումներ են իրականացվել համապատասխան կառույցների հետ: Ըստ այդմ, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, առավել նպատակահարմար է դիտարկվել այցը կազմակերպել հունիսի առաջին տասնօրյակում: Քաղաքապետը հանձնարարել է հավուր պատշաճի նախապատրաստվել հերթական այցի կազմակերպմանն ու պարբերաբար զեկուցել ընթացքի մասին: