Լուրեր
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Էյլին Գիվենսի հետ
21.04.2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ, Գլենդելի նախկին քաղաքապետ Էյլին Գիվենսի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Երևան այցելելու և ապրիլի 24-ին հայ ժողովրդի հետ միասին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար:
«Այս տարին առանձնահատուկ է համայն հայության համար, քանի որ նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մենք անկեղծորեն շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այսօր մեր կողքին են ու մեզ հետ միասին հարգանքի տուրք են մատուցում միլիոնուկես անմեղ նահատակների հիշատակի առջև»,- ընդգծել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը նաև շնորհակալություն է հայտնել Գլենդելի քաղաքային խորհրդին՝ հայ համայնքի նկատմամբ մշտապես ցուցաբերվող աջակցության և ուշադրության համար:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էյլին Գիվենսն իր հերթին, առանձնակի կարևորելով հայ համայնքի ակտիվ գործունեությունը, ընդգծել է, որ այն իր ուրույն և կարևոր դերակատարումն ունի Գլենդելի զարգացման հարցում:
«Շուրջ 800 հազար բնակչություն ունեցող Գլենդել քաղաքի 80%-ը հայեր են, և պետք է խոստովանեմ, որ նրանք իրենց կարևոր դերակատարումն ունեն քաղաքի զարգացման գործում: Հայ համայնքի կողմից այս օրերին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել և կազմակերպվում, որոնք, անշուշտ, չափազանց կարևոր են: Գլենդելի քաղաքային խորհուրդը ևս մեծ պատասխանատվությամբ ընդունեց 2015թ. ապրիլը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ամիս հայտարարելու մասին հռչակագիրը, որը նույնպես յուրօրինակ խոնարհում է Ցեղասպանության զոհերի հիշատակի առջև»,- նշել է Էյլին Գիվենսը:
Հանդիպման ավարտին Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ, Գլենդելի նախկին քաղաքապետ Էյլին Գիվենսը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է փոխանցել Գլենդելի քաղաքային խորհրդի կողմից ընդունված վերոնշյալ հռչակագիրը: