Լուրեր

Գալուստ Սահակյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշակոթողի բացմանը

20.04.2015

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ապրիլի 20-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշակոթողի բացմանը: Արարողությանը ներկա են եղել նաեւ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Օրը փարաքարցիների համար խորհրդանշական էր, քանի որ հենց այդ համայնքում են տասնամյակներ առաջ թուրքական յաթաղանից փրկվածները բնակություն հաստատել:

Հոկտեմբերյանի կարմիր տուֆից կերտված խաչքարը խորհրդանշում է հայ ազգի վերածնունդը եւ հերթական կոչն է առաջադեմ մարդկությանը՝ ճանաչելու եւ դատապարտելու Օսմանյան կայսրության կողմից իրագործված Ցեղասպանությունը:

Արմավիրի հոգեւոր թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանն օծել է հուշակոթողն ու խնկաբույր աղոթք հնչեցրել առ Աստված: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ծաղիկներ ու ծաղկեպսակ է խոնարհել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին:

Խորհրդարանի ղեկավարն իր խոսքում նշել է, որ այս օրերին նման միջոցառումներ կատարվում են ողջ աշխարհում. համայն մարդկությունն է այսօր հայ ժողովրդի կողքին: Մշակութային մեծ արժեքներ կերտող ժողովրդին հնարավոր չէ ընկճել: ԱԺ նախագահի խոսքով՝ 1915-ին մարդկությունը լուռ էր, իսկ 2015-ը ցույց տվեց, որ պետք չէր լռել: Այսօր համայն առաջադեմ մարդկությունն է համախմբվում Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գաղափարի շուրջ: Հայ ժողովուրդն այժմ հպարտ, վերընձյուղված ժողովուրդ է եւ ունի դեպի հավերժություն տանող իր ճանապարհը:

← Վերադառնալ ցուցակին