Լուրեր

Վերապատրաստման դասընթացներ երիտասարդ ՀՀԿ-ականների համար Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից

27.02.2015

 Փետրվարի 27-ին Հայաթ Փլեյս հյուրանոցում մեկնարկեցին գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված երիտասարդ ՀՀԿ-ականների վերապատրաստման եռօրյա դասընթացները` <<Քաղաքական առաջնորդություն և բանակցություն. տեսություն և պրակտիկա>> թեմայով:
Ծրագրի մեկնարկը տրվեց ԿԱՀ տարածաշրջանային ծրագրի գիտաշխատող Ֆլորիան Ֆեյերաբենդի ողջույնի խոսքով, որի ընթացքում ընդհանրացված կերպով ներկայացվեց հիմնադրամի գործունեությունը, նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև վերջինիս կողմից իրականացվող ծրագրերը:
Ողջույնի խոսքին հաջորդեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանի ելույթը և զեկուցումը <<Որոշումների կայացման ընթացակարգը կուսակցությունում>> թեմայով: Զեկուցման ընթացքում հարց ու պատասխանի արդյունքում երիտասարդները ստացան իրենց հուզող տեսական և գործնական մի շարք հարցերի պատասխաններ, ծանոթացան կուսակցությունում որոշումների ընդունման ընթացակարգին, նրբություններին և ստացան դրանց հիմնավորումները: Իր խոսքում պարոն Ավագյանը կարևորեց կուսակցական երիտասարդների շրջանում նմանատիպ դասընթացների անցկացումը` որակյալ, տեղեկացված և մրցունակ կադրերի պատրաստման տեսանկյունից:
Զեկուցմանը հաջորդեց ԵՊՀ քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ ամբիոնի դոցենտ Դր. Ալեն Ղևոնդյանի ինտերակտիվ դասախոսությունը` <<Քաղաքական և կուսակցական>> առաջնորդություն թեմայով: Դասախոսությունն անցավ բավականին ակտիվ քննարկման ուղեկցությամբ, որի ընթացքում բանախոսը ճշգրտումներ կատարեց թեմայի շուրջ երիտասարդների պատկերացումների վերաբերյալ և որոշ պրակտիկ խորհուրդներ տվեց հետագա քաղաքական գործունեության համար:
Ծրագրի առաջին օրվա 3-րդ բանախոսը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Դր. Ռուբեն Աղուզումցյանն էր, ով ներկայացրեց քաղաքական բանակցությունների ոսկե կանոնները, այնուհետև փոքրիկ թեստի միջոցով երիտասարդներին հնարավորություն տվեց բացահայտել բանակցային հարթակում 5 ստրատեգիաներից յուրաքանչյուրին տիրապետելու մակարդակը, ինչպես նաև ուղղություն ցույց տվեց բանակցային հմտությունների կատարելագործման համար:
Դասընթացների առաջին օրվա ընթացքում նախատեսված է ևս մեկ դասախոսություն` <<Արժանահավատ և համոզիչ ճառը` որպես հաջողակ առաջնորդության գրավական.հռետորության հմտություններ>> թդմայով, որը վարելու է ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետի դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը: Դասախոսության ավարտին հաջորդելու է փոքրիկ խմբերով գործնական աշխատանք <<Հռետորությունը կուսակցական առօրյայում>> թեմայով:
Հիշեցնենք, որ ծրագիրը շարունակվելու է նաև առաջիկա 2 օրերին, որի ընթացքում երիտասարդ կուսակցականներիը կստանան քաղաքական առաջնորդության և բանակցությունների բնագավառին առնչվող ոչ միայն տեսական, այլև պրակտիկ գիտելիքներ:

← Վերադառնալ ցուցակին