Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

27.02.2015

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Շնորհավորելով Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանատան հետ ձևավորված ջերմ հարաբերություններն այսուհետ ևս կշարունակվեն, նաև հույս է հայտնել, որ շնորհիվ դեսպանի գործուն աջակցության Երևանի և ԱՄՆ քաղաքների միջև ձևավորված ջերմ ու բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս կունենան արդյունավետ զարգացում:
«Երևանի քաղաքապետարանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջև համագործակցությունն իսկապես եղել է արդյունավետ ու կառուցողական, և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման համատեքստում մենք կարևորում ենք Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի, ինչպես նաև ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանի դերը: Եվ հաշվի առնելով, որ Լոս Անջելեսը և Քեմբրիջը Երևանի հետ քույր քաղաքներ են, ակնկալում եմ նաև Ձեր գործուն աջակցությունը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ամերիկյան մեր քույր քաղաքների հետ համագործակցությունն առավել ամրապնդելու և ընդլայնելու հարցում»,- ընդգծել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար՝ դեսպան Ռիչարդ Միլսն իր հերթին նշել է, որ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու և օժանդակելու ամերիկյան այլ քաղաքների հետ երկուստեք կապերի ստեղծման, ամրապնդման ու խորացման հարցում ևս:
«Վստահեցնում եմ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը՝ երկու երկրների քաղաքների միջև բազմոլորտ համագործակցությանը նոր թափ հաղորդելու համար, ինչպես տնտեսական ծրագրերի իրականցման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման ուղղությամբ: Ու հատկապես հաշվի առնելով նաև Ձեր պատրաստակամությունը՝ համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքը կտա ցանկալի արդյունք»,- նշել է դեսպանը:
Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռիչարդ Միլսին մաղթել է հաջողություններ պատասխանատու պաշտոնում ու մեկ անգամ ևս ընդգծել, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է փոխգործակցության էլ ավելի ընդլայնման հարցում:

← Վերադառնալ ցուցակին