Լուրեր

ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

26.12.2014

 Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:

Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է ընդունելությանը մասնակցող լրագրողներին և ի դեմս նրանց՝ Հայաստանի բոլոր լրագրողներին ու լրատվամիջոցների աշխատակիցներին, մաղթել առողջություն և հաջողություններ, խաղաղ ու երջանիկ տարի. «Հարգելի՛ լրագրողներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Մենք բոլորս միասին ծանրաբեռնված աշխատանքային տարի անցկացրինք: Այսօր ես շնորհակալություն եմ հայտնում ձեզնից յուրաքանչյուրին և ի դեմս ձեզ՝ մեր ողջ լրատվական հանրությանը, օգոստոսին առաջին գծում և նոյեմբերին՝ Ադրբեջանի կողմից մեր ուղղաթիռը նենգաբար խոցելու օրերին այն պրոֆեսիոնալ և համախմբված աշխատանքի համար, որը կատարեց մեր լրատվամիջոցների գերակշիռ մասը: Նույնը, փոքր բացառություններով, կարող եմ հայտարարել նաև դրամի արժեզրկման այս վերջին իրադարձությունների հետ կապված, երբ արհեստածին խուճապի նշանները հնարավոր եղավ արագ հարթել այդ թվում նաև ձեր գիտակից աշխատանքի շնորհիվ:

Շնորհակալ եմ ձեզ: Այսպիսի աշխատաոճով դուք ավելին եք անում, քան պարզապես գրագետ լրատվություն հաղորդելն է: Դուք ապացուցում եք բոլորին, որ «ազատ մամուլը պատերազմի հատկանիշներով իրավիճակների համար վտանգավոր է» պնդումը երիցս սին է: Դուք ապացուցում եք բոլորին, որ թշնամու կերպարի հետևողական ուռճացման, պատերազմի անվան տակ բանակի գործողությունների կամ պաշտպանական խնդիրների վերաբերյալ տոտալ գրաքննություն մտցնելը բացի բռնապետություն ամրացնելուց ոչ մի այլ իմաստ չունի: Դուք ապացուցում եք, որ հայրենասիրության դրսևորումները մասնագիտություն չեն ճանաչում: Հավատացե՛ք, սրանով դուք մեծ բան եք անում մեր երկրի հետագա ընթացքի համար, մեր որդեգրած արժեքների, խոսքի ազատության հետագա ամրապնդման համար:

Տարվա ընթացքում ձեզնից շատերի հետ եմ առիթներ ունեցել քննարկելու մեր համատեղ աշխատանքի նրբությունները: Երբեք չեմ թաքցրել, որ խնդիրներ տեսնում եմ այսօրվա մեր մամուլի գործունեության մեջ, մասնավորապես չեմ ընդունում անձնական վիրավորանքների և պիտակավորումների ձեռագիրը, որ երբեմն կարելի է տեսնել մեզանում: Բայց նաև միշտ առանց թաքցնելու ասել եմ, որ չեմ ընդունում նաև լրատվամիջոց կոչվելու հավակնություն ունեցող կայքը կամ թերթը հաշվեհարդարի գործիք դարձնելու հոռի գայթակղություններին տրվելը: Վստահ եմ, որ ժամանակն ամեն ինչ արդեն իսկ իր տեղն է դնում, և տեղեկատվություն ստանալու անսահման մեծ հնարավորություններ ունեցող այսօրվա ընթերցողն ինքն է հետևողականորեն անցյալում թողնում նմանօրինակ լրատվական բարբարոսությունը, երևույթ, որ հենց անցյալին է բնորոշ:

Սիրելի՛ բարեկամներ,

Մենք մտնում ենք նոր աշխատանքային տարի, որի ընթացքում, կարծում եմ, կրկին հանգիստ ռեժիմով գործելու քիչ հնարավորություններ ենք ունենալու: Մենք դեռևս գտնվում ենք անհանգիստ արտաքին միջավայրի ազդեցության ներքո, մենք ընդգրկուն ծրագրեր ունենք ինտեգրացիոն գործընթացներում առաջ գնալու, մեր տնտեսության վերելքի և սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ, բազմաթիվ միջոցառումներ ենք նախատեսել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում և, իհարկե, ունենք ամեն օրվա խաղաղությունն աչալրջորեն հսկելու մեր մշտական պարտավորությունը: Այս և աշխատանքի մյուս բոլոր ուղղություններով մենք միասին անելու շատ բան ունենք և, վստահ եմ, որ բաց, թափանցիկ և արդյունավետ ենք անելու:

Ի դեմս ձեզ` շնորհավորում եմ Հայաստանի բոլոր լրագրողներին և մեր լրատվամիջոցների բոլոր աշխատակիցներին: Համոզված եմ, որ 2015 թվականը լինելու է համագործակցության և առաջընթացի տարի:

Թո՛ղ նոր տարին հաջողություն բերի մեր բոլորիս գործերին, լինի խաղաղ ու երջանիկ բոլորիս ընտանիքների համար:

Շնորհավո՛ր Նոր տարի և Սուրբ Ծնունդ»,-Հանրապետության Նախագահի նստավայրում կայացած տոնական ընդունելության ժամանակ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ուղղված իր շնորհավորական խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

← Վերադառնալ ցուցակին