Լուրեր
Հովիկ Աբրահամյանն ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետին
23.12.2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետ, հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սապարդուրդի Տոյլիևին:
Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-թուրքմենական հարաբերությունները և վստահություն հայտնել, որ երկու երկրների կառավարությունների համատեղ ջանքերով տնտեսական փոխգործակցությունն առաջիկայում կզարգանա նոր թափով: Վարչապետ Աբրահամյանը և Սապարդուրդի Տոյլիևը կարևորել են Երևանում ընթացող հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները և նշել, որ ուրվագծվել են համագործակցության նոր հեռանկարներ: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ հանձնաժողովի այս նիստի արդյունքներն արդեն տեսանելի կլինեն 2015 թվականին: Միաժամանակ ընդգծվել է, որ հանձնաժողովի նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և նախանշված ծրագրերն իրականացվել են ու ստացել գործնական բնույթ:
Հովիկ Աբրահամյանը և Սապարդուրդի Տոյլիևը նշել են, որ երկու երկրների միջև գոյություն ունի առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու մեծ ներուժ, որի իրացման նպատակով կողմերը կարևորել են առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացումը, այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը և համատեղ բիզնես ֆորումների անցկացումը:
Վարչապետ Աբրահամյանը և Թուրքմենստանի փոխվարչապետը քննարկել են նաև տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը և ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր: