Լուրեր

Դեկտեմբերի 15-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան

15.12.2014

Աժ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ եւ կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան՝ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն:

Մինչ օրակարգային հարցերին անցնելը ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչներն առաջարկել են արտահերթ նիստ հրավիրել՝ քննարկելու վերջին օրերին տեղի ունեցած դեպքերը եւ երկրում ստեղծված իրավիճակը:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ավելի ուշ, անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների կողմից արտահերթ նիստ հրավիրելու ու երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու առաջարկին, նշել է, որ խմբակցությունների ղեկավարների հետ խնդիրը քննարկվել է, բարձրացված հարցադրումները մեծամասամբ ընդունելի են եղել: ԱԺ նախագահը ներկայացրել է հայտարարության նախագիծ՝ առաջարկելով խորհրդարանական ուժերին միանալ այդ նախագծին: Նա նշել է, որ նախագծի ձեւակերպումները կարող են փոփոխվել քննարկումների արդյունքում: Հայտարարության նախագծով ակնկալվում են իրավապահ մարմինների օպերատիվ եւ անաչառ գործողությունները մեղավորներին հնարավորինս արագ բացահայտելու եւ օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար: «Ընդգծելով մեր գործընկեր Արամ Մանուկյանի եւ բռնության ենթարկված մյուս քաղաքացիների գործերի քննությունը Ազգային ժողովի եւ անձամբ ԱԺ նախագահի ուշադրության կենտրոնում պահելու հանգամանքը՝ հայտարարում ենք, որ խստորեն դատապարտում ենք ցանկացած ոտնձգություն որեւէ քաղաքացու եւ հատկապես քաղաքացիական ու հասարակական գործիչների նկատմամբ: Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին եւ կազմակերպություններին իրենց հրապարակային խոսքում զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են խոչընդոտել իրավապահ մարմինների գործունեությանը եւ կարող են ավելացնել անհարկի լարվածություն հասարակության շրջանում»,- ընթերցելով հայտարարության նախագծի տեքստը՝ նշել է Գալուստ Սահակյանը:

ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ, ԱԺ արտահերթ նստաշրջանի երկրորդ օրվանից սկսած կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ չորս նիստ: Յուրաքանչյուր ընդմիջման տեւողությունը կլինի կես ժամ, նիստերի սկիզբը՝ ժամը 11:00-ին:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ 2014 թվականի նոյեմբերի 19-ին ստորագրված՝ «Զարգացման քաղաքականության երկրորդ վարկ» վարկային համաձայնագիրը: Պավել Սաֆարյանը տեղեկացրել է, որ համաձայնագրով Համաշխարհային բանկը պատրաստվում է 25 տարի մարման ժամկետով Հայաստանին տրամադրել 75 մլն ԱՄՆ դոլարի վարկ: Ֆինանսների նախարարի տեղակալը նշել է, որ այս վարկը բյուջետային աջակցություն է:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները համաձայնագրին տվել են դրական եզրակացություն:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական Զարգացման բանկի միջեւ 2014 թվականի հոկտեմբերի 3-ին ստորագրված՝ «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր» վարկային համաձայնագիրը: Հիմնական զեկուցողի դիտարկմամբ՝ Ասիական զարգացման բանկը Հայաստանին կրկին 25 տարի մարման ժամկետով տրամադրելու է 37 մլն ԱՄՆ դոլար՝ ճանապարհային տրանսպորտի եւ ջրամատակարարման ոլորտներում կառավարման համակարգեր հիմնելու նպատակով:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները այս համաձայնագրին եւս տվել են դրական եզրակացություն:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է նաեւ «Մաքսային կարգավորման մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ օրինագծերը կարգավորում են Հայաստանի Հանրապետության սահմանով ապրանքների տեղափոխման, մաքսային հսկողության ներքո դրանց փոխադրման, ժամանակավոր պահպանության, մաքսային հայտարարագրման, բացթողնման, մաքսային ընթացակարգերին համապատասխան ապրանքների օգտագործման, մաքսային վճարների, մաքսային հսկողության իրականացման եւ այլ հարաբերությունները:

Վախթանգ Միրումյանը նշել է, որ օրենսդրական փաթեթի մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության շրջանակներում հարկային եւ մաքսային առանձին հարաբերություններ ՀՀ ազգային օրենսդրությամբ կարգավորելու անհրաժեշտությամբ: Ակնկալվում է կարգավորել ԵՏՄ անդամ երկրներից ՀՀ ներմուծումների եւ ՀՀ-ից ԵՏՄ անդամ երկրներ արտահանումների իրականացման ընթացակարգը՝ մաքսային վճարների հաշվարկման եւ վճարման կարգերն ու ԵՏՄ-ում գործող միասնական մաքսային օրենսգրքով չկարգավորված առանձին հարաբերությունները:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը պարզաբանումներ է տվել պատգամավորներին ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված փոփոխությունների, մասնավորապես մաքսային գնի որոշման, ներքին օգտագործման դրոշմապիտակների, ավտոմեքենաների ներմուծման ու մաքսազերծման, բանկային գաղտնիքի, ներմուծման դեպքում մաքսային արժեքի որոշման եւ այլ խնդիրների վերաբերյալ:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են ՀՀ կառավարության հեղինակած «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Նրա տեղեկացմամբ՝ նախագծով առաջարկվում է փոքր տնտեսավարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը 2015 թվականի հունվարի 1-ից հետաձգել մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը, ինչը հնարավորություն կտա կառավարությանը սահմանելու նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման տարբերակված ժամկետներ եւ ապահովելու սահուն ներդրման գործընթաց:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում օրինագիծը ստացել է դրական եզրակացություն:

Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանն առաջին ընթերցմամբ պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նշվել է, որ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ ՀՀ իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել: Փաթեթով սահմանվում են արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքները: Դրանք արտահանելու եւ ներմուծելու համար լիազոր մարմինը տալիս է լիցենզիա, թույլտվություն կամ սերտիֆիկատ: Նախատեսվում է արտաքին տնտեսական ոլորտում լիցենզավորման գործունեության կանոնակարգման միջոցով երրորդ երկրների հետ արտաքին առեւտրի բնականոն պայմանների ստեղծում:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է նաեւ կառավարության հեղինակած «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ օրենքներում ներառվել է «էտալոնային լաբորատորիա» հասկացությունը, ինչը կլուծի Հայաստանում առավել ճշգրիտ փորձարկումներ կատարելու իրավասություն ունեցող լաբորատորիաների ունենալու խնդիրը: Այդ ինստիտուտը առկա է եւ Եվրասիական տնտեսական միությունում, եւ Եվրամիությունում: Փոփոխությունների արդյունքում տեխնիկական կանոնակարգման բնագավառում օրենսդրությունը կհամապատասխանեցվի Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը, ինչը ներմուծման եւ արտահանման գործընթացում կնպաստի ԵՏՄ անդամ պետություններում արտադրանքի ազատ տեղաշարժմանը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը օրինագծին տվել է դրական եզրակացություն:

Պատգամավորները երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկել են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Ըստ նախարարի՝ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառները կանոնակարգող օրենսդրությունը համապատասխանեցնել ԵՏՄ օրենսդրության դրույթներին: Փաթեթի ընդունման արդյունքում կսահմանվեն անասնաբուժական հսկման ենթակա ապրանքների ցանկում ընդգրկված` Եվրասիական տնտեսական միություն երրորդ երկրի տարածքից ներմուծվող կենդանիների եւ կենդանական ծագման արտադրանքի եւ անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա ապրանքների արտադրությամբ, վերամշակմամբ, փոխադրմամբ եւ (կամ) պահպանմամբ զբաղվող անձանց եւ կազմակերպություններում իրականացվող համատեղ ստուգումների ընթացակարգերը: Ինչպես նաեւ կմշակվեն անասնաբուծության եւ բուսասանիտարիայի բնագավառներում իրականացվող վերահսկողության կարգերը, միաժամանակ կվերացվեն օրենսդրական բացերը:

Խորհրդարանն արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակի դեկտեմբերի 16-ին:

← Վերադառնալ ցուցակին