Լուրեր
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐ ՕԼԵՔՍԱՆԴՐ ՊԱՎԼՅՈՒԿԻՆ
11.12.2014
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին՝ մեր երկրում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Նախագահը Հայաստանի իշխանությունների և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել Օլեքսանդր Պավլյուկին՝ Հայաստանում իր պաշտոնավարման ժամանակաշրջանը պատվով և հաջողությամբ ավարտելու համար՝ ընդգծելով, որ պարոն Պավլյուկի վրա, որպես Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարի, մեծ պատասխանատվություն էր դրված: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ գրասենյակի հաջորդ ղեկավարը նույն նվիրումով և եռանդով կշարունակի իր նախորդի գործը: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում և բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Նախագահի խոսքով, ինչպես Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ դառնալուց տարիներ առաջ, այնպես էլ այսօր, որպես ԵԽ անդամ, Հայաստանն օգտվել և օգտվում է կազմակերպության փորձագիտական ներուժից, ինչն էական նշանակություն ունի մեր երկրի օրենսդրությունն ու պրակտիկան եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելու, Հայաստանի հատուկ և կանոնադրային պարտավորությունները կատարելու առումով:
Օլեքսանդր Պավլյուկը ևս արդյունավետ է համարել Հայաստանի հետ իր գլխավորած գրասենյակի համագործակցությունը և անցած երկու տարիներին Հայաստան-ԵԽ Գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ մեծածավալ աշխատանքը՝ նշելով, որ ժողովրդավարական գործընթացները խորացնելու և ամրապնդելու նպատակով, ՀՀ արտգործնախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ քննարկվում է նոր՝ 2015-2017թթ. Գործողությունների ծրագիր մշակելու հարցը:
Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ դառնալուց հետո առաջին անգամ, 2013թ. մայիսի 16-ին վեց ամիս ժամկետով ստանձնելով ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը, Հայաստանը հաջողությամբ իրականացրեց իր առաքելությունը, որը ԵԽ-ում արժանացել է նաև կազմակերպության ղեկավարության դրական գնահատականներին:
ԵԽ-ի հետ մեր երկրի արդյունավետ համագործակցությունը Նախագահ Սերժ Սարգսյանը պայմանավորել է նաև այն հանգամանքով, որ Հայաստանի և ԵԽ-ի նպատակներն ամբողջությամբ համընկնում են:
Նախագահը հաջողություններ է մաղթել Օլեքսանդր Պավլյուկին՝ հետագա գործունեության մեջ և հույս հայտնել, որ նա Հայաստանից կտանի լավագույն հիշողություններ և կշարունակի լինել Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը: