Լուրեր
Կայացավ ասմունքի ամենամյա Հանրապետական 12-րդ մրցույթ-փառատոնը
09.12.2014
Ե. Չարենցի տուն-թանգարանում կայացավ «Եղիշե Չարենց»-ի անվան դպրոցականների ասմունքի ամենամյա Հանրապետական 12-րդ մրցույթ-փառատոնը, որը նվիրված էր 1915-ի Հայոց Մեծ եղեռնին նահատակված գրողների անմահ հիշատակին: Մրցույթ-փառատոնը կազմակերպել էին Ե. Չարենցի տուն-թանգարանը Հանրապետական կուսակցության կանանց խորհուրդը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը: Փառատոնին իր աջակցությունն էր բերել նաև «Բիայնա» սոցիալ-մշակութային բարեգործական հիմնադրամը:
Սահմանված էր հինգ հատուկ մրցանակ՝ «Ռուբեն Սևակ», «Դանիել Վարուժան», «Սիամանթո», «Գրիգոր Զոհրապ», «Սմբատ Բյուրատ» և վեց խրախուսական մրցանակ: Հանրապետական կուսակցության կանանց խորհուրդը գեղեցիկ և արժեքավոր նվերներ էր պատրաստել ոչ միայն տասնմեկ մրցանակակիրների, այլև 3-րդ փուլ անցած բոլոր քսան մասնակից դպրոցականների համար:
Մրցանակները հանձնեցին ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը, Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:
ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը ողջունելով և շնորհավորելով մրցանակակիրներին, ինչպես նաև ուսուցիչներին ու ծնողներին, շատ կարևորեց մրցույթ-փառատոնի ուսուցողական, դաստիարակչական, ճանաչողոկան նշանակությունը:
Թանգարանը մշտապես զգացել է Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի աջակցությունը իր ծրագրերի իրականացման գործում, որի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում հատկապես խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալայանին: