Լուրեր
Գալուստ Սահակյանն ընտրվել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ
05.12.2014
Դեկտեմբերի 5-ին Հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել կառավարման խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Կառավարման խորհրդի նիստը վարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրդի անդամների կողմից ընտրվել են հաշվիչ հանձնաժողովի անդամներ եւ նախագահ: Այնուհետեւ խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՊՄՀ կառավարման խորհդի նախագահ է ընտրվել Գալուստ Սահակյանը:
ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքում նշել է, որ կրթական միջավայրում է սկսել իր գործունեությունը եւ այսօր պատրաստ է աջակցելու բուհին, նպաստելու ծագած խնդիրների լուծմանը: Գալուստ Սահակյանը կարեւորել է հզոր կրթական համակարգի առկայությունը՝ այն համարելով հզոր պետության հիմքը: Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ կրթական միջավայրն է ձեւավորում հասարակություն եւ ուղղորդում նրան:
Այնուհետեւ ՀՊՄՀ կառավարման խորհուրդը լսել է բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին, ով ներկայացրել է 2014 թվականի ֆինանսական հաշվետվությունը, ապա 2015 թվականին նախատեսված ծրագրերը եւ բյուջեն:
Նիստի ավարտից հետո կազմակերպված միջոցառման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահին է հանձնվել ՀՊՄՀ կառավարման խորհրդի նախագահի հուշամեդալը: