Լուրեր

Անցած 11 ամիսներին սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը կազմել է 100%

01.12.2014

 Երևանաբնակ ժամկետային զինծառայողների շուրջ 1000 ծնողներ հնարավորություն են ստացել դեկտեմբերի 5-ին կրկին տեսակցելու իրենց զավակներին: Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտված են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մինչև դեկտեմբերի 5-ը ստացված նոր առաջարկների դեպքում այդ ծնողներին ևս ներառել մեկնողների ցանկում: Պատասխանատուներին հանձնարարվել է նաև Ճանապարհային ոստիկանության և շտապօգնության հետ համատեղ ապահովել ծնողների անվտանգ այցը ԼՂՀ և սահմանամերձ շրջաններ ու վերադարձը Երևան:
«Սա թե՛ զինվորի և թե՛ զինվորի ընտանիքի կողքին լինելու ևս մեկ կարևոր քայլ է, և մեր պարտքն է պարբերաբար ապահովել երևանաբնակ զինծառայողների ու նրանց ծնողների հանդիպումը: Մեր այս քաղաքականությունը լինելու է շարունակական, և առանց որևէ սահմանափակման երևանաբնակ զինծառայողների բոլոր ծնողներն են հնարավորություն ստանալու օգտվել այս նախաձեռնությունից»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Մայրաքաղաքում հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար հարմարավետ պայմաններ ապահովելու նպատակով այս տարի արդեն իսկ կառուցվել է շուրջ 920 թեքահարթակ: Զեկուցվել է, որ նախատեսված աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին, որից հետո կզեկուցվեն կատարած աշխատանքի ամբողջական ցուցանիշները: Քաղաքապետը հանձնարարել է Երևանի քաղաքապետին կից գործող սոցիալական հարցերի հանձնաժողովի, ինչպես նաև համապատասխան խորհրդի հետ միասին, որոնցում ընդգրկված են նաև հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող շահագրգիռ կազմակերպությունները, վարչական շրջանների պատասխանատուների ներգրավմամբ գույքագրել մայրաքաղաքի բոլոր այն փողոցները, որոնցում դեռևս կա թեքահարթակների անհրաժեշտություն՝ գալիք տարիների ծրագրում դրանք ևս ներառելու և խնդիրը հիմնովին լուծելու նպատակով:
«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ Երևանը պետք է հարմարավետ լինի բոլորի, այդ թվում նաև հաշմանդամություն ունեցող մեր համաքաղաքացիների համար: Եվ այս համատեքստում, անշուշտ, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրը մայրաքաղաքում թեքահարթակների խիստ սակավությունն էր, եթե, իհարկե չասենք բացակայությունը, որի մասին բազմիցս է բարձրաձայնվել: Ըստ այդմ, 2015թ. ևս ծրագիրը լինելու է շարունակական, և փորձելու ենք առաջիկա երկու տարիներին մայրաքաղաքում ամբողջովին լուծում տալ այս խնդրին»,- ընդգծել է քաղաքապետը:
Հաշվի առնելով, որ դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն է, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների հետ համատեղ դեկտեմբեր ամսվա ընթացքում իրականացնել սոցիալական նշանակության բազմաբնույթ ծրագրեր:
Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետը զեկուցել է, որ ինչպես նոյեմբեր, այնպես էլ 2014թ. անցած 11 ամիսներին սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը կազմել է 100%, ինչն աննախադեպ ցուցանիշ է: Առանձնակի կարևորելով սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ հետևողական աշխատանքը՝ քաղաքապետը հատկանշել է, որ քաղաքային տնտեսության տարատեսակ ծրագրերի իրականացման հարցում առաջնահերթը հենց այս բաղադրիչի մասով կայուն արդյունքների ապահովումն է: Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքն այս ուղղությամբ՝ հավաքագրման տարեկան ցուցանիշը ևս 100 % ապահովելու համար:
Անդրադառնալով աղբահանության և սանմաքրման միջազգային օպերատորի աշխատանքների մեկնարկին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին խստորեն հանձնարարել է վարչական տույժեր կիրառել ոչ սահմանված վայրերում աղբ թափողների նկատմամբ:
«Անկախ աղբահանության և սանմաքրման միջազգային օպերատորի աշխատանքների մեկնարկից, ինչի արդյունքում, վստահ եմ, որ արդեն առաջիկայում կունենանք որակյալ սպասարկում, մաքուր մայրաքաղաք ունենալու հարցում առանձնակի կարևոր է նաև մեր բնակիչների վերաբերմունքը մայրաքաղաքի նկատմամբ: Եղեք հետևողական և օրենքով սահմանված կարգով վարչական տույժերի ենթարկեք բոլոր նրանց, ովքեր աղբը կթափեն ոչ սահմանված վայրերում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ձմռան նախապատրաստական աշխատանքների մասով էլ հանձնարարվել է շարունակել ծանուցման գործընթացն ու տնտեսվարողներին մեկ անգամ ևս զգուշացնել, որ ապահովեն Երևանի ավագանու կողմից սահմանված պարտադիր բարեկարգման նորմերը և կատարեն իրենց օբյեկտներին հարակից տարածքները մաքրելու մասով ստանձնած պայմանագրային պարտավորությունները:
Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում արդեն իսկ մեկնարկել են ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները: Հանձնարարվել է այս գործընթացին մասնակից դարձնել նաև մասնավոր տնտեսվարողներին:

← Վերադառնալ ցուցակին