Լուրեր

Տարոն Մարգարյան. «Չլուծվող խնդիրներ չկան, պետք է հետևողական լինել»

17.11.2014

 Մայրաքաղաքում ավարտվել են 2014թ. ծրագրով նախատեսված բազմաբնակարան բնակելի շուրջ 1440 շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները: Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում վերանորոգվել է 74700 քմ հարթ և 46700 քմ թեք տանիք: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ընդլայնել այս մասով 2015թ. նախատեսված աշխատանքների ծավալներն ու գույքագրում իրականացնելուց հետո ծրագրում ներառել նախ առաջնային անհրաժեշտություն ունեցող տանիքները՝ այդպիսով նաև լուծում տալով տասնամյակներ շարունակ շենքերում առկա խնդիրներին. «Գործընթացին պարտադիր մասնակից դարձրեք նաև համատիրություններին: Մենք յուրաքանչյուր տարի նրանց աջակցում ենք շենքերի տանիքների ու մուտքերի վերանորոգման հարցում, սակայն դա, ըստ էության, նրանց պարտականությունն է: Ինչ խոսք, այսօր ունենք իսկապես կայացած համատիրություններ, սակայն կան նաև այնպիսիք, որոնց աշխատանքը չի գոհացնում ոչ մեզ, և ոչ էլ մեր բնակիչներին: Ուստի արդյունավետ աշխատելու հստակ խնդիր դրեք նրանց առջև և հետևեք, որ ծախսված գումարների վերաբերյալ ամենամսյա հաշվետվություն ներկայացնեն բնակիչներին, նաև ձեզ: Նրանց գործը միայն գումարներ հավաքելը չէ»,- ընդգծել է քաղաքապետը:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն ավարտվել են նաև տարեկան ծրագրով նախատեսված 727 բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները: Բացի այդ, մինչև տարեվերջ գործընթացը կշարունակվի նաև լրացուցիչ ծրագրով: Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը հատկապես այն բազմաբնակարաններում, որտեղ նախորդ տարիներին շքամուտքերից բացի վերանորոգվել էին նաև բոլոր հարկերն ամբողջությամբ, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ 2014թ. նախատեսված ծրագրով մուտքերի վերանորոգման հարցում ցուցաբերվել է համալիր մոտեցում: Ձմռան նախապատրաստական աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ բազմաբնակարան բնակելի շենքերում շարունակվում են դռների և պատուհանների փոխարինման, ապակեպատման, ջրամատակարարման և ջրահեռացման խողովակների ջերմամեկուսացման աշխատանքները: Նշվել է, որ ընթացքի մեջ է նաև ձմռան ամիսներին հարակից տարածքների պարտադիր բարեկարգման մասին տնտեսվարողներին ծանուցման գործընթացը: Մայրաքաղաքում շարունակվում են նաև սանիտարական ոչ պատշաճ վիճակում գտնվող հողատարածքները սեփականատերերի, վարձակալների ու կառուցապատողների կողմից մաքրելու և բարեկարգելու աշխատանքները: Անդրադառնալով մայրաքաղաքի սանմաքրման աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա հետևողական շրջայցեր կատարել վարչական շրջաններում՝ խստորեն հետևելով աշխատանքների պատշաճ կազմակերպմանը. «Չլուծվող խնդիրներ չկան, պետք է հետևողական լինել: Մայրաքաղաքում սանիտարական աշխատանքների պատշաճ կազմակերպման համար մենք յուրաքանչյուր տարի բավարար գումարներ ենք հատկացնում: Ուրեմն եղեք հետևողական, կանոնակարգեք սանմաքրման ձեռնարկությունների աշխատանքն ու վերահսկեք, որպեսզի կատարեն իրենց պարտականությունները»,- նշել է քաղաքապետը՝ հավելելով, որ հսկողությունը մշտական պետք է լինի նաև հասարակական օբյեկտների նկատմամբ, որպեսզի չսահմանված վայրում աղբ չթափեն: Հանձնարարվել է պարտավորությունները չկատարող սեփականատերերի և վարձակալների նկատմամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը մայրաքաղաքի հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ: Ոչ բավարար գնահատելով շաբաթվա կտրվածքով ներկայացված վիճակագրության ցուցանիշները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ՃՈ հետ համատեղ պարբերաբար շրջայցեր կատարել ու գործընթացին մասնակից դարձնել նաև Երևանի ավագանու անդամներին և լրատվամիջոցներին. «Հասարակությունն այս ոլորտում մեզանից ակնկալում է շատ որոշակի փոփոխություններ, ըստ այդմ, չի կարող գոհացուցիչ լինել այն վիճակագրությունը, որը ներկայացնում եք յուրաքանչյուր շաբաթ: Հաճախակի օգտվեք հասարակական տրանսպորտից ու ինքներդ համոզվեք, թե որքանով է իրականում համապատասխանում մատուցվող ծառայությունների որակը սահմանված նորմերին: Տնտեսվարողներին էլ խստորեն զգուշացրեք, որ արձանագրված յուրաքանչյուր թերացմանն օրենքով սահմանված կարգով տրվելու է համապատասխան ընթացք»,- նշել է քաղաքապետը:
Խորհրդակցության ընթացքում Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը, ներկայացնելով նոյեմբերի 16-ին Ղափանցյան փողոցի թիվ 16 տանը հարակից անասնագոմի վրա գայլերի հարձակման դեպքը, նշել է, որ 56-ամյա ազատամարտիկ Սամվել Փափազյանին, որպես փոխհատուցում վարչական շրջանի կողմից կցուցաբերվի աջակցություն: Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետարանի կողմից ևս դրամական օժանդակություն տրամադրել ազատամարտիկի ընտանիքին:
Մայրաքաղաքի կրթամշակութային օջախներում ջեռուցման տարեշրջանի մեկնարկի հետ կապված հանձնարարվել է տեղեկացնել նշված կառույցների տնօրեններին՝ համակարգերը պատշաճ շահագործելու և դրանց անխափան գործունեության համար անձնական պատասխանատվություն կրելու վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին