Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կրասնոդարի և Վիենի քաղաքապետերի, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի պատվիրակության անդամների հետ

11.10.2014

 «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան այցելած Կրասնոդարի քաղաքապետ Վլադիմիր Եվլանովի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Շնորհակալություն հայտնելով Երևանի օրը միասին տոնելու հրավերն ընդունելու համար, որի շրջանակում նախորդ օրը երկու քաղաքապետերը ստորագրել են նաև Երևանի և Կրասնոդարի միջև համագործակցության համաձայնագիր, Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ ըստ այդմ արդեն առաջիկայում գործնական ծրագրեր կիրականացվեն նաև Կրասնոդարի հետ. «Երևանն այսօր փոխշահավետ համագործակցության իսկապես մեծ ներուժ ունի, և ես համոզված եմ, որ մեզ իրոք կհաջողվի ունենալ արդյունավետ համագործակցություն: Այս համատեքստում իսկապես կարևոր քայլ եմ համարում Երևանի և Կրասնոդարի միջև ակտիվ համագործակցություն ծավալելու համաձայնագրի ստորագրումը, ինչն, անշուշտ, լրացուցիչ խթան կհանդիսանա երկու քաղաքների բարեկամությունն առավել ամրապնդելու և այն նոր հիմքերի վրա դնելու համար», - նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով Երևանի գործընկերոջը համագործակցություն հաստատելու առաջարկը սիրով ընդունելու և այն համաձայնագրի վերածելու, ինչպես նաև Երևանի օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցելու հրավերի համար` Կրասնոդարի քաղաքապետ Վլադիմիր Եվլանովն իր հերթին վստահեցրել է, որ կանի հնարավորը, որպեսզի արդեն առաջիկայում նախանշված բոլոր ուղղություններով ծրագրերը գործնական ընթացք ստանան. «Վստահ եմ, որ մենք՝ Ձեզ հետ միասին, կարճ ժամանակ անց անպայման կարձանագրենք հաջողություններ երկու քաղաքների փոխշահավետ համագործակցության դաշտում: Երևանը մեզ համար իսկապես հարազատ քաղաք է, ու համոզված եմ, որ մեր բարեկամությունն անպայման կվերաճի նաև վստահելի ու հեռանկարային գործընկերության, որի ներուժն առկա է այսօր թե՛ Երևանում և թե՛ Կրասնոդարում: Ի դեպ, խոստովանեմ, պարոն քաղաքապետ, որ առաջին անգամ եմ Երևանում և Ձեր հրաշք քաղաքն իսկապես գերել է ինձ ու մեր պատվիրակության բոլոր անդամներին: Ակնհայտ է, որ քաղաքի համաչափ զարգացման ուղղությամբ Դուք լուրջ և հետևողական ծրագրեր եք իրականացնում, ինչն, անշուշտ, տպավորիչ է և ոգևորող, որ մեր համագործակցությունը ևս կլինի արդյունավետ», - ընդգծել է Կրասնոդարի քաղաքապետն ու օգտվելով առիթից` պաշտոնապես հրավիրել է Երևանի քաղաքապետին հյուրընկալվել Կրասնոդարում:
Հանդիպման շրջանակում կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կքննարկեն ստորագրված համաձայնագրով նախատեսված ուղղություններով գործնական քայլերի ժամանակացույցը:

Երևանի քաղաքապետի հրավերով «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան այցելած Ֆրանսիայի Վիեն քաղաքի քաղաքապետ Տիերի Կովակսի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով Երևանի օրը միասին տոնելու հրավերն ընդունելու համար՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Վիենի քաղաքապետի այցը նաև հրաշալի առիթ է երկու քաղաքների միջև գործընկերային կապեր հաստատելու համար. «Ֆրանսիական մի շարք քաղաքների հետ Երևանն այսօր համագործակցում է սերտորեն, որի արդյունքում իրականացվել ու իրականացվում են համատեղ բազմաթիվ կարևոր ծրագրեր: Ֆրանսիական գործընկեր քաղաքների հետ մեր սերտ համագործակցությունը շոշափելի արդյունքներ է տվել տեղական ինքնակառավարման, տնտեսական զարգացման, զբոսաշրջության խթանման և քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում, ինչը նաև լրացուցիչ խթան է դառնում նորանոր ծրագրերի քննարկման ու դրանք կյանքի կոչելու համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ այս առումով Երևանն ու Վիենը ևս կարող են ունենալ որոշակի փոխգործակցություն:
Վիենի քաղաքապետ Տիերի Կովակսն էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հրավերի համար, առանձնակի կարևորել է երկու քաղաքների միջև գործընկերային հարաբերություններ ձևավորելու Երևանի քաղաքապետի պատրաստակամությունը. «Երևանում գտնվելն իսկապես հաճելի է, և պետք է խոստովանեմ, պարոն քաղաքապետ, որ արդեն հասցրել եմ հաճելիորեն զարմանալ Երևանի գրավիչ արտաքին տեսքով ու զարգացման տեմպերով: Ընդ որում, սա արդեն իմ երրորդ այցն է Երևան, ու կարող եմ վստահաբար ասել, որ ամեն անգամ Ձեր քաղաքը տեսնում եմ ավելի բարեկարգ խնամված ու հարմարավետ: Եվ թեկուզ հենց այս տեսանկյունից մեզ համար իսկապես կարևոր է որոշակի ոլորտներում գործընկերային հարաբերություններ հաստատել Երևանի հետ ու երկուստեք հաջողված փորձի փոխանակումներ ունենալ»,- նշել է Տիերի Կովակսը:
Հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է նաև Վիենի հայազգի երկու փոխքաղաքապետերի մասնակցությունը Երևանի տոնին ու համոզմունք է հայտնել, որ նրանք ևս իրենց նպաստը կբերեն Երևանի և Վիենի արդյունավետ համագործակցության ձևավորման հարցում:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Մոսկվայի կառավարության նախարար, Մոսկվա քաղաքի բնակչության սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ մայրաքաղաքում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը։
Բարձր գնահատելով երկու ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է երկուստեք հարաբերությունների խորացման և ամրապնդման կարևորությունը, նաև հատկանշել է, որ 2013 թվականին Մոսկվայում Երևանի օրերի շրջանակում երկու մայրաքաղաքների գործադիր մարմինների միջև ստորագրված 2014-2016թթ. համագործակցության ծրագիրը փոխգործակցության խորացման նոր հնարավորություններ է ընձեռում. «Մոսկվան մեզ համար կարևոր գործընկեր է և, հաշվի առնելով վերջին տարիներին մեր ծրագրային համագործակցության արդեն ապացուցված արդյունավետությունը, պետք է աշխատանք տանենք առկա փոխշահավետ գործակցությունն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ: Եվ պատահական չէ, որ սեպտեմբերին, արդեն 5-րդ տարին անընդմեջ, Մոսկվայում անցկացվեց «Ոսկե նուռ» փառատոնը, որը Երևան-Մոսկվա համագործակցության արդյունքում կյանքի կոչվող հաջողված նախագծերից մեկն է: Վստահ եմ, որ ձևավորված գործնական մթնոլորտը շարունակելու է զարգանալ՝ ապահովելով համատեղ ծրագրերի շարունակականությունը: Այս տեսանկյունից կարևոր եմ համարում նաև կոնկրետ ծրագրերի իրականացումը՝ ներդրումային և մի շարք այլ ոլորտների ուղղությամբ, ինչում իր դերն ունի նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչությունը»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ շնորհակալություն հայտնելով պատվիրակությանը Երևանի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավերն ընդունելու համար:
Մոսկվայի կառավարության նախարար, Մոսկվա քաղաքի բնակչության սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանը փոխանցելով Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները քաղաքի տոնի կապակցությամբ, նաև շնորհակալություն է հայտնել տոնակատարությանը մասնակցության հրավերի համար:
«Առաջին հերթին, պարոն քաղաքապետ, թույլ տվեք նկատել, որ մշտապես երիտասարդ Երևանն իսկապես զարգանում է օրեցօր, և յուրաքանչյուր այցի ընթացքում քաղաքի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներն առավել նկատելի են դառնում, ինչն, իհարկե, խոսում է Ձեր աշխատանքի մասին: Ինչ վերաբերում է Երևան-Մոսկվա համագործակցությանը, ապա պետք է նշեմ, որ մենք ուրախ ենք գործակցային կապերի խորցամամբ և առաջիկա տարիներին ևս ակնկալում ենք ակտիվ համագործակցություն քաղաքային տնտեսության բոլոր ուղղություններով»,- նշել է Վլադիմիր Պետրոսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու մայրաքաղաքների միջև առկա համագործակցության ընդլայնման հետ կապված այլ հարցեր։

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան այցելած Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Երևանի քաղաքապետարանում: Ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված Սանկտ Պետերբուրգի կառավարության ջանքերը՝ մեկ անգամ ևս շեշտել է, որ Երևանը բաց և պատրաստակամ է քննարկելու փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված նոր առաջարկներ և նախաձեռնություններ. «Մեր փոխգործակցությունն այսօր զարգանում է 2011-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակում, և հաշվի առնելով ստեղծված աշխատանքային խմբերի փոխհամաձայնեցված և արդյունավետ աշխատանքը՝ վստահ եմ, որ մենք կունենանք այն արդյունքները, որոնք նախանշել ենք: Համոզված եմ նաև, որ մեր այս հանդիպումը ևս գործնական նոր որակ կհաղորդի Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև կառուցողական ծրագրերի իրականացմանը»,- ընդգծել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և փոխանցելով նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի ջերմագին ողջույնները՝ փոխնահանգապետ Օլգա Կազանսկայան նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանի օրվա կապակցությամբ, ապա նշել, որ Երևանի հետ հարաբերությունները Սանկտ Պետերբուրգի համար առանձնակի կարևորված են, ու ակնհայտ է, որ երկու քաղաքների փոխգործակցությունն իսկապես մեծ ներուժ ունի. «Երևանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի համար կայուն և վստահելի գործընկեր է, և մենք կարևորում ենք երկուստեք փոխգործակցության ընդլայնումը: Վստահեցնում եմ, պարոն քաղաքապետ, որ Երևանը մեզ համար հարազատ է ոչ միայն որպես բարեկամ, այլ նաև որպես գործընկեր քաղաք, և մենք բարձր ենք գնահատում կառուցողական գործընկերային այն մթնոլորտը, որն առկա է մեր հարաբերություններում: Մենք միշտ մեծ սիրով ենք մասնակցում Երևանի օրվան նվիրված տոնակատարություններին ու վստահ ենք, որ հերթական անգամ հրաշալի տպավորություններով ենք վերադառնալու Սանկտ Պետերբուրգ»,- նշել է Օլգա Կազանսկայան:

← Վերադառնալ ցուցակին