Լուրեր

Երևանի և Ղազվինի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

09.10.2014

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության Ղազվին քաղաքի քաղաքապետ Մասուդ Նոսրաթի գլխավորած պաշտոնական պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել տոնին մասնակցելու հրավերն ընդունելու համար և առանձնակի կարևորելով հայ-իրանական դարավոր բարեկամությունն ու համագործակցության ներկայիս բարձր մակարդակը` ընդգծել է, որ Երևանի և Իրանի գործընկեր քաղաքների միջև հաստատված բարեկամական կապերը ջերմ են, տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցությունն էլ` արդյունավետ: Այդ համատեքստում քաղաքապետը կարևորել է Սպահան, Թեհրան, Թավրիզ և Շիրազ քաղաքների հետ ձևավորված համագործակցությունը. «Վերջին տարիների երկկողմ այցերը ևս փաստում են, որ երկու երկրների քաղաքների միջև կա համագործակցության լայն դաշտ, և մենք, մեր լիազորությունների շրջանակում, պետք է էլ ավելի ընդլայնենք համագործակցությունը` ի բարօրություն մեր քաղաքների բնակչության: Վստահ եմ, որ հստակեցնելով փոխգործակցության շրջանակը` ստորագրվելիք համաձայնագրով մենք հնարավորություն կունենանք երկուստեք փոխշահավետ ծրագրեր իրականացնել նաև Ղազվինի հետ: Հարկ է նկատել, որ երկկողմ շփումները երկու ժողովուրդների միջև կարևոր են նաև միմյանց ճանաչելու, ազգային ավանդույթներին և մշակույթին հաղորդակից դարձնելու տեսանկյունից»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և քաղաքի օրվա կապակցությամբ շնորհավորելով Երևանի գործընկերոջը` Մասուդ Նոսրաթը, համառոտ ներկայացնելով Ղազվինի պատմությունն ու քաղաքի կառավարման առաջնահերթությունները, իր հերթին վստահեցրել է, որ կանի հնարավորը Երևանի ու Ղազվինի միջև կապերի ամրապնդման, ինչպես նաև ստորագրվելիք համաձայնագրով նախանշված համատեղ ծրագրերն արագ գործնական հիմքերի վրա դնելու ուղղությամբ. «Երկուստեք համագործակցությունն անչափ կարևոր է, հատկապես քաղաքային տնտեսության որոշակի ոլորտներում նկատվող համանման խնդիրների շուրջ համատեղ լուծումներ գտնելու, այդ թվում նաև փորձի փոխանակման տեսակետից: Ինձ համար, պարոն քաղաքապետ, շատ հաճելի է գտնվել Երևանում և Ձեզ հետ միասին նշել հնագույն քաղաք Երևանի տոնը»,- նշել է Մասուդ Նոսրաթը:
Այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ղազվինի քաղաքապետ Մասուդ Նոսրաթը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի՝ կողմերը պարտավորվել են ամրապնդել և զարգացնել բարեկամական հարաբերությունները Երևանի և Ղազվինի միջև: Ըստ այդմ, փոխգործակցություն կծավալվի քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում:

← Վերադառնալ ցուցակին