Լուրեր

Գլխավոր պողոտայի` Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած այգու վերկառուցման աշխատանքներն ավարտական փուլում են

07.10.2014

 Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած այգու վերակառուցման աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է այգու շինհրապարակ: 2014թ. համալիր բարեկարգման ծրագրով շուրջ 13200քմ ընդհանուր մակերեսով հանգստի գոտին ամբողջությամբ բարեկարգվում է և առաջիկայում կհանձնվի բնակիչների տնօրինմանը: Ներկայացնելով աշխատանքների մանրամասները՝ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ համաձայն նախագծի՝ տարածքի 5976 քմ-ն արդեն երեսպատվել է բետոնե, բազալտե և տրավերտինե սալիկներով: Զուգահեռաբար տեղադրվել է նաև 706 գծմ եզրաքար, կառուցվել են 235 գծմ ընդհանուր երկարությամբ աստիճաններ։ Հանգստի գոտու մուտքը հարմարեցված կլինի նաև տեղաշարժման խնդիրներ ունեցող բնակիչներին: Զեկուցվել է նաև, որ հանգստի գոտին ամբողջությամբ ապահովվել է արտաքին լուսավորության ու ոռոգման նոր համակարգերով, շատրվանային երեք համալիրներով: Առաջիկայում կիրականացվի նաև հանգստի գոտու կահավորումը: Կտեղադրվեն նորաոճ նստարաններ, աղբամաններ, կծաղկապատվեն նորաստեղծ սիզամարգերն ու այգու կանաչ գոտիները: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել աշխատանքների ընթացքն ու որակը և գործընթացն ավարտել նախատեսված ժամկետում:

← Վերադառնալ ցուցակին