Լուրեր

Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը

02.10.2014

 Խորհրդարանը հոկտեմբերի 2-ին շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:

Մինչ նախորդ նիստում ընդհատված հարցի քննարկմանն անցնելը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել եւ ԱԺ նիստի աշխատանքին են հետեւում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆալուլտետի ուսանողները եւ դասախոսները: Պարոն Սահակյանը շնորհավորել է ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին, շրջանավարտներին եւ ուսանողներին ժուռնալիստիկայի բաժնի հիմնադրման 65-ամյակի եւ ֆակուլտետի հիմնադրման 15-ամյակի առթիվ՝ հաջողություններ մաղթելով աշխատանքում եւ ուսման մեջ:

Պատգամավորները շարունակել են քննարկել Հանրային հեռուսառադիոընկերության 2013 թ. գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը եւ ներկայացնել իրենց տեսակետները:  Խոսրով Հարությունյանը կարեւորել է ծրագրում օրենսդրական լուծում պահանջող խնդիրների ներառումը: Նրա գնահատմամբ՝ հանրայինը պետք է առաջնորդվի ՀՀ քաղաքացուն կրթելու եւ դաստիարակելու սկզբունքով: Արտակ Զաքարյանը խնդրին անդրադարձել է ազգային անվտանգության համատեքստում՝ նշելով, որ հանրային հեռուստառադիոընկերությանը վերապահված է տեղեկատվական անվտանգության ապահովումը: 

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը եզրափակիչ ելույթում շնորհակալություն է հայտնել խորհրդարանին շահագրգիռ քննարկումների համար եւ անդրադարձել է հնչեցված առաջարկներին ու դիտողություններին:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հաղորդումն ընդունվում է ի գիտություն:

«2013 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույցը ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նա ներկայացրել է արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի, բնապահպանության, էներգետիկայի, դատախազության, սոցիալական ապահովության եւ մի շարք այլ ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող թերություններն ու խնդիրները, արձանագրված դրական քայլերը եւ խոսել առաջարկների մասին: Նա նշել է, որ զեկույցում շուրջ 200 համակարգային խնդիրներ են բարձրացված, փորձ է արված հասարակությանը եւ քաղաքական բոլոր ուժերին հուզող խնդիրներին անդրադառնալ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը եւ աշխատակազմը իրավական ծառայություն են մատուցել 6805 անձի: 2012 թվականի համեմատ՝ Պաշտպանի աշխատակազմի կողմից վարույթ ընդունած գործերի ընդհանուր թիվն աճել է 19 տոկոսով: 2013 թվականին քննարկման ընդունված 1090 բողոքներից դրական է լուծվել 273-ը, ինչը 2012 թվականի համեմատ՝ 25-ով պակաս է: Ավելացել է պետական մարմինների կողմից մարդու իրավունքների խախտման մասին որոշումների թիվը, որը նախորդ տարում եղել է 61: Գործել են 116 թեժ գծի եւ արագ արձագանքման ծառայությունները. ընդհանուր առմամբ իրականացվել է 313 արագ արձագանքում, տրամադրվել է 1082 իրավաբանական խորհրդատվություն:

Հաշվետու տարում ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, իրականացրել են 212 այցեր քրեակատարողական հիմնարկներ, ոստիկանության բաժիններ, ձերբակալված անձանց պահման վայրեր, զորամասեր, հոգեբուժարաններ, մանկատներ, հատուկ դպրոցներ, տուն-ինտերնատներ, գիշերօթիկ հաստատություններ: Կարեն Անդրեասյանն իրազեկեց, որ գրասենյակը հաջողությամբ համագործակցում է ՀՀ տարբեր կառույցների հետ, որոշ տարաձայնություններ կան ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ առողջապահության նախարարության հետ:

Մարդու իրավունքների պաշտպանին ուղղվեցին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին ոլորտում առկա խնդիրներին եւ առաջարկներին, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին եւ խնդիրներին, ժամկետանց դեղերին, կանանց նկատմամբ խտրականությանն ու բռնություններին, վերոնշյալ գերատեսչությունների հետ եղած տարաձայնություններին եւ այլն:

Հաղորդման վերաբերյալ քննարկումը կշարունակվի հաջորդ քառօրյայում:

← Վերադառնալ ցուցակին