Լուրեր
ՀՀ վարչապետը հանդիպեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների հետ
24.09.2014
Այսօր` սեպտեմբերի 24-ին, ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանը հանդիպում ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Երևանի տարածքային և մարզային կառույցների ղեկավարների հետ: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոփոխված կազմով սա առաջին հանդիպումն էր կառավարության ղեկավարի հետ: ՀՀ վարչապետը պարբերաբար աշխատանքային հանդիպումներ է ունենում ՀՀԿ ԵԿ անդամների հետ, որոնց ընթացքում քննարկվում են բազմաբնույթ հարցեր:
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացված ծրագրերը և նախանշեց առաջիկա անելիքները:
Հանդիպմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով խոսեց մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի մասին, պատմեց նախատեսվող միջոցառումների մասին:
Հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ մի շարք կարևոր խնդիրների: Խոսեց կազմակերպչական հարցերի, բարեփոխումների փաթեթների` հատկապես հարկային և մաքսային բարեփոխումների, ներդրումային ծրագրերի, տարածքային համաչափ զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի մասին:
Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում և հատկապես մարզերում փոքր և միջին բիզնեսի զարգացման կարևորությանը: Պարոն Աբրահամյանը նշեց, որ սահմանապահ գյուղերին կտրվեն արտոնյալ պայմաններ:
Վարչապետը պատասխանեց նաև երիտասարդների հարցերին և լսեց նրանց առաջարկները:
Հարցերը վերաբերում էին կազմակերպչական խնդիրներին, ներքաղաքական իրադարձություններին, կառավարության ծրագրին:
Կառավարության ղեկավարը հորդորեց երիտասարդներին օգտագործել իրենց ակտիվությունը` ի նպաստ ոլորտային ծրագրերի:
Հանդիպման ավարտին երիտասարդներից մի քանիսը ստացան կուսակցության անդամության տոմսերը կուսակցության նախագահի տեղակալից: