Լուրեր
Քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ
18.09.2014
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Հատկանշելով հայ-չինական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել անցած ժամանակահատվածում Երևանի և Պեկինի միջև գործընկերային հարաբերությունների հաստատման ուղղությամբ դեսպանի ունեցած անձնական ներդրումը. «Հայ–չինական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա տարբեր բնագավառներում, որում նաև անձնական մեծ ներդրում ունեք Դուք, պարոն դեսպան, և մենք բարձր ենք գնահատում Ձեր առաքելության տարիներին այս ուղղությամբ կատարված աշխատանքները թե՛ Հայաստանում և թե՛ մասնավորապես Երևանում։ Հատկանշական է, որ հայ-չինական հարաբերությունների համատեքստում երկու մայրաքաղաքների միջև ստորագրվել է համագործակցության վերաբերյալ հուշագիր, որն առաջինն էր Հայաստանի և Չինաստանի քաղաքների պատմության մեջ, և մենք արդեն ունենք արդյունքներ այդ համագործակցության շրջանակում: Ու թեև մեր այս հանդիպումը Հայաստանում դիվանագիտական Ձեր առաքելությունն ավարտելու առիթով է, այդուամենայնիվ վստահեցնում եմ Ձեզ, որ այսուհետ էլ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում միշտ պատրաստ է աջակցելու Ձեզ, ու համոզված եղեք, որ Դուք և Ձեր ընտանիքը մշտապես սպասված հյուրեր եք լինելու Երևանում»,- ընդգծել է քաղաքապետը՝ հաջողություններ մաղթելով դեսպանին դիվանագիտական հետագա առաքելության գործում։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Թիան Չանչունն իր հերթին նկատել է, որ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան միջև համագործակցությունն իսկապես եղել է արդյունավետ ու կառուցողական. «Պարոն քաղաքապետ, համոզված եղեք, որ մենք նույնպես բարձր ենք գնահատում Երևանի գործընկեր քաղաքների հետ համագործակցության ծրագրերի ու շրջանակների ընդլայնման գործում ունեցած Ձեր պատրաստակամությունն ու ջանքերը, և ես վստահ եմ, որ նոր դեսպանի հետ համատեղ աշխատանքը ևս կլինի արդյունավետ: Օգտվելով առիթից՝ ուզում եմ նաև իմ շնորհակալությունը հայտնել Ձեզ՝ Երևանի արդյունավետ կառավարման համար, ինչը հնարավորություն է տվել, որ վերջին տարիներին Երևանը զարգացման կայուն ուղի բռնի և այստեղ ապրելը դառնա առավել հարմարավետ: Նաև վստահեցնում եմ, որ այս տարիների ընթացքում ես և իմ ընտանիքի անդամները մեզ Երևանի լիարժեք քաղաքացիներ ենք զգացել, քանի որ Ձեր քաղաքը իրոք գրավիչ ու հարմարավետ է բոլոր առումներով: Ու ես վստահ եմ, որ Ձեր ղեկավարման օրոք առաջիկա տարիներին ևս երևանցիներն ականատես կլինեն հաջողված ու քաղաքի համար կարևոր բազմաթիվ ծրագրերի կյանքի կոչմանը»,- ընդգծել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանը: