Լուրեր
Հանդիպում խորհրդարանում
16.09.2014
Սեպտեմբերի 16-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին եւ Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գավրիլ Ավրամիդիսին:
Ողջունելով հյուրերին` ԱԺ փոխնախագահը բարձր գնահատեց հայ եւ հույն ժողովուրդների դարավոր եւ բարեկամական հարաբերությունները, կարեւորեց դրանց առավել սերտացումն ու ընդլայնումը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին, ինչպես նաեւ երկու ժողովուրդներին պատուհասած ցեղասպանության թեմային: Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն հայտնեց Հունաստանի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձեւի ընդունման համար:
Անդրադառնալով խորհրդարանական համագործակցությանը՝ ԱԺ փոխնախագահը կարեւորեց տարբեր միջազգային հարթակներում միմյանց սատարելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ տարակուսելի է հույն որոշ պատգամավորների վարքագիծը, որոնք, անտեսելով Հունաստանի պաշտոնական դիրքորոշումը, խորհրդարանական վեհաժողովներում փորձում են ստվեր գցել հայ-հունական հարաբերությունների վրա:
Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գավրիլ Ավրամիդիսը, իր հերթին եղբայրական գնահատելով հայ-հունական հարաբերությունները, նշեց, որ ողջունում է ԼՂՀ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը: Հույն պատգամավորը նկատեց, որ Հունաստանը պաշտոնապես սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հույն գործընկերոջը հրավիրեց ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպվելիք «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» գիտաժողովին, որը նախատեսվում է իրականացնել ապրիլի 22-23-ին՝ Երեւանում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: