Լուրեր
«Մեր նպատակը արձանագրություն կազմելը չէ, այլ տարածքները մաքուր և բարեկարգ պահելը». քաղաքապետ Տարոն Մարգարյան
02.09.2014
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան ծրագրով մայրաքաղաքում շարունակվում են փողոցների հիմնանորգման աշխատանքները: 23 փողոցներից 6-ում հիմնանորոգումն ավարտվել է և հանձնվել են շահագործման: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Հրազդանի կիրճի փլուզված ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքների հետ կապված՝ շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շինարարությունն ամբողջությամբ ավարտվել է, և այն ևս շահագործման է հանձնված:
Կրթական և մշակութային հաստատությունների հիմնանորոգման տարեկան ծրագրով աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ մեծ մասում դրանք ավարտվել են: Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի և Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի տարածքի հիմնանորոգման աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ դրանք թեև ուշացումով են մեկնարկել, սակայն վերջին օրերին լայն թափով ընթացքի մեջ են, ու հիմնանորոգումը կավարտվի սահմանված ժամկետում:
Հասարակական տրանսպորտի աշխատանքի հետ կապված՝ զեկուցվել է, որ սպասարկող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն: Սեպտեմբերի 1-ին ընդառաջ երթուղիներում ավելացել է մեքենաքանակն ու ուղևորափոխադրումներն իրականացվել են սահմանված կարգով, սակայն այսօր առավոտյան որոշ կանգառներում, այդուամենայնիվ, նկատվել են կուտակումներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բավարար չհամարելով կատարված աշխատանքը, հանձնարարել է ուժեղացնել հսկողությունն այս ուղղությամբ և համապատասխան քայլեր ձեռնարկել:
«Յուրաքանչյուր տարի՝ ուսումնական տարվան ընդառաջ, մենք բախվում ենք միևնույն խնդրին: Մեր մոտեցումն այս հարցում հստակ է: Սպասարկող ընկերությունների առջև պատշաճ սպասարկման հստակ պահանջ դրեք՝ ընդգծելով, որ թերացողները չեն ներվելու: Կա պայմանագրով ստանձնած պարտավորություն, ուրեմն թող ապահովեն համապատասխան սպասարկում, իսկ չապահովող ընկերությունների նկատմամբ էլ նույն պայմանագրով սահմանված կարգով վարչարարություն իրականացրեք: Հատուկ հսկողություն սահմանեք նաև քաղաքապետարանի կողմից սպասարկում իրականացնող երթուղիների նկատմամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել է իրավախախտման 18 դեպք: Նախկինում 6 հասցեներում արձանագրված դեպքերով իրականացվել են քանդման աշխատանքներ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ամենօրյա ուժեղացված հսկողությունը:
Զեկուցվել է, որ շարունակվում են սանիտարական ոչ պատշաճ վիճակում գտնվող հողատարածքները սեփականատերերի, վարձակալների և կառուցապատողների կողմից մաքրելու և բարեկարգելու աշխատանքները: Ըստ այդմ, մինչ օրս հայտնաբերված 205 տարածքներից մաքրվել և տեսքի է բերվել 178-ը, 17 հողատարածքի մասով վարչական արձանագրություններ են կազմվել, մյուս՝ 11 տարածքների տնօրինողներին տարածքները մարքելու և բարեկարգելու համար 2-օրյա ժամկետ է տրվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունն այս ուղղությամբ:
«Մեր նպատակը արձանագրություն կազմելը չէ, այլ տարածքները մաքուր և բարեկարգ պահելը: Սակայն պարտավորությունները չկատարող կամ դրանցում թերացողները, օրենքով սահմանված կարգով պետք է պատասխանատվության ենթարկվեն: Եթե հողատարածքի սեփականատերը կամ վարձակալը տևական ժամանակ զգուշացումներից և անգամ արձանագրության կազմումից հետո շարունակում է անբարեկարգ թողնել իր հողատարածքը, ապա կրկնակի և ավելի անգամ վարչական պատասխանատվության ենթարկեք՝ մինչև խնդիրը հիմնական լուծում ստանա և տվյալ տարածքը տնօրինողն այն մշտապես պահի պատշաճ վիճակում»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Առողջապահության ոլորտում քաղաքացիների սպասարկման ուղղությամբ տարված աշխատանքների մասով զեկուցվել է, որ համաբուժարաններ է դիմել 33774 քաղաքացի, «Շտապբուժօգնություն» ծառայությունում ստացվել է 4550 կանչ, որոնց արդյունքում հոսպիտալացվել է 946 քաղաքացի: Նախորդ շաբաթ մայրաքաղաքում ծնունդների թիվը կազմել է 526 երեխա, այդ թվում՝ 292 տղա, 234 աղջիկ:
Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ ուսումնական տարին պատշաճ դիմավորելու նպատակով քաղաքապետարանի ենթակայության կրթական բոլոր հաստատություններում ձեռնարկվել են համապատասխան միջոցներ: Քաղաքապետի հանձնարարությամբ հսկողություն է իրականացվել տարրական դասարանների աշակերտներին դասագրքերի անվճար բաշխման գործընթացի նկատմամբ: Զեկուցել է նաև, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, մայրաքաղաքի դպրոցներում սովորող աշակերտների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 5 հազարով:
Զեկուցվել է նաև, որ օգոստոսի 31-ին եզրափակվել է «Երևանյան ամառ 2014» եռամսյա ծրագիրը, որը հագեցած է եղել մարզամշակութային և ժամանցային միջոցառումներով, անցկացվել է նաև առողջապահական ակցիա: Միջոցառումներին մասնակցել են ինչպես հազարավոր երևանցիներ, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շնորհակալություն հայտնելով պատասխանատուներին ծրագրի պատշաճ կազմակերպման և իրականացման համար, հանձնարարել է հաջորդ տարվա ծրագրին նախապատրաստվելու նպատակով ներկայացնել համապատասխան առաջարկներ: