Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Լավագույն մարզական ընտանիք 2014»-ի հաղթող ճանաչված Երևանի թիմին

07.08.2014

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2014» ամենամյա մրցույթի հանրապետական փուլին մասնակցած և հաղթողի գավաթը նվաճած Երևանի թիմի 19 ընտանիքներին, այդ թվում այս տարի առաջին անգամ Երևանը ներկայացրած հաշմանդամություն ունեցող մարզիկներին:
Ողջունելով ներկաներին ու մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով հաղթական գավաթը Երևան բերելու համար՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը շարունակելու է մայրաքաղաքում սպորտի զարգացման և առողջ ապրելակերպի խթանման ուղղությամբ որդեգրած իր քաղաքականությունը:
«Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցույթն իսկապես սպասված ստուգատես է, որի շրջանակում մեր թիմը հատկապես վերջին տարիներին, իրոք, տպավորիչ մասնակցություն է ունենում: Ձեր շնորհիվ այսօր, ըստ էության, նաև առողջ ապրելակերպի և սպորտի նկատմամբ հետաքրքրությունն է մեծանում մայրաքաղաքում, ինչն իր հերթին լավ օրինակ է ծառայում երևանցի այլ ընտանիքների համար: Բայցև չպետք է բավարարվենք ձեռքբերածով, և համոզված եմ, որ հաջորդ տարիներին ևս մեր թիմը լավագույնս կներկայանա այս ստուգատեսին, նաև անհատապես հաղթանակներ գրանցելով մարզաձևերից յուրաքանչյուրում: Վստահ եղեք, որ Երևանի քաղաքապետարանն իր հերթին մշտապես կլինեի մարզական ընտանիքների կողքին և հնարավորին չափով կաջակցի՝ նոր հաղթանակների սպասումով»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2014» հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլում մայրաքաղաք Երևանի մարզական պատիվը բարձր պահելու համար մրցույթին մասնակցած բոլոր ընտանիքները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով և հուշանվերներով:
Թիմի մասնակցությունը լավագույնս ապահովելու համար Երևանի քաղաքապետի պատվոգրերի են արժանացել նաև մարզիչներն ու թիմի պատասխանատուները:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին սպորտի զարգացման գործում հստակ քաղաքականության և իրականացվող ծրագրերի, ինչպես նաև մշտական ուշադրության և գնահատանքի համար՝ մարզիկներն ու մարզիչները նշել են, որ հաջորդ տարի ևս անելու են հնարավորը հաղթական գավաթը կրկին Երևան բերելու համար:
Հանդիպման ավարտին ՀՀ Նախագահի մրցանակ գավաթն ի պահ է տրվել Երևանի քաղաքապետարանին:

← Վերադառնալ ցուցակին