Լուրեր
«Կառավարությունը կանի ամեն ինչ՝ սահմանամերձ համայնքներին աջակցելու համար», - Տավուշի մարզում հայտարարել է երկրի վարչապետը
04.08.2014
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Տավուշի մարզի Չինարի, Այգեձոր և Արծվաբերդ սահմանամերձ համայնքներ:
Երկրի վարչապետը նախ եղել է Չինարի գյուղում տեղակայված, հայ-ադրբեջանական պետական սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկում: Կառավարության ղեկավարը հանդիպել է առաջապահ դիրքում ծառայություն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, հետաքրքրվել նրանց մարտական և հոգեբանական պատրաստվածությամբ, ապա շրջայց կատարել մարտական հենակետում, ծանոթացել ծառայության անցկացման և կենցաղային պայմաններին: Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր զինվորականներին՝ անձնվիրությամբ ու խիզախությամբ հայրենիքին ծառայելու և պետական սահմանն ամուր պահելու համար:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Չինարի, Այգեձոր և Արծվաբերդ համայնքների ղեկավարներին, գյուղացիներին և սպայական անձնակազմին: Վարչապետը զրուցել է տեղի բնակիչների հետ՝ ծանոթացել նրանց խնդիրներին, պատասխանել հուզող հարցերին: Գյուղացիներին առաջնահերթ մտահոգում էր սահմանային վերջին միջադեպերի հետևանքով ստեղծված լարված իրավիճակը: Այդ կապակցությամբ Հայաստանի վարչապետը և պաշտպանության նախարարը վստահեցրել են, որ ՀՀ զինված ուժերի և ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով՝ պաշտպանելով հայրենիքի սահմանը և ապահովելով ազգաբնակչության անվտանգությունը:
Այնուհետև կառավարության ղեկավարն անդրադարձել է բնակիչների բարձրացրած սոցիալական հարցերին, որոնք վերաբերում էին գործարարությամբ զբաղվողներին հարկային արտոնությունների տրամադրմանը, ճանապարհների կառուցմանը, ուսանողների ուսման վարձերին, էլեկտրաէներգիայի, գազի և այլ վարձավճարների փոխհատուցմանը և այլն: Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունում քննարկվում է սահմանամերձ համայնքներում գործարարությամբ զբաղվել ցանկացողներին հարկերից ազատելու հնարավորությունը՝ նոր աշխատատեղեր բացելու և տնտեսական կյանքն ակտիվացնելու նպատակով: Գործադիրի ղեկավարը Արծվաբերդի բնակիչներին խոստացել է առաջնահերթություն դարձնել մանկապարտեզի կառուցման աշխատանքները՝ հանձնարարելով Տավուշի մարզպետին կազմել և նախագծանախահաշվային փաստաթղթեր ներկայացնել կառավարություն: Հովիկ Աբրահամյանը նաև հանձնարարել է Չինարիի գյուղապետին ներկայացնել համայնքի ուսանողների ցանկը՝ նրանց ուսման վարձը ՀՀ կառավարության կողմից փոխհատուցելու նպատակով:
Տավուշի մարզում վարչապետն այցելել է նաև տեղի «Վիտալ» պահածոների գործարան, ծանոթացել արտադրական հնարավորություններին և ծրագրերին: