Լուրեր
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Իրանի Սպահան քաղաքի 5-րդ շրջանի ղեկավարի հետ
29.07.2014
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Իրանի Սպահան քաղաքի 5-րդ շրջանի (Նոր Ջուղա) ղեկավար Համիդ Ասարզադեգանի հետ: Առանձնակի կարևորելով հայ-իրանական դարավոր բարեկամությունն ու համագործակցության ներկայիս բարձր մակարդակը, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի և Իրանի գործընկեր քաղաքների միջև հաստատված բարեկամական կապերը ջերմ են, տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցությունն էլ` արդյունավետ: Այդ համատեքստում քաղաքապետը կարևորել է ինչպես Սպահանի, այնպես էլ Թեհրան, Թավրիզ և Շիրազ քաղաքների հետ ձևավորված համագործակցությունը: Անդրադառնալով, մասնավորապես, Երևանի և Սպահանի միջև ձևավորված գործընկերային հարաբերություններին` Տարոն Մարգարյանը նկատել է, որ երկու քաղաքների բարեկամության մեկնարկը տրվել է դեռևս 1995թ. և, որպես Երևանի քույր քաղաք, ներկայումս էլ առանձնակի կարևորված է Երևանի և Սպահանի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացումը. «Վերջին տարիների երկկողմ այցերը ևս փաստում են, որ երկու քաղաքների միջև կա համագործակցության լայն դաշտ և մենք մեր լիազորությունների շրջանակում պետք է էլ ավելի ընդլայնենք համագործակցության ծրագրերն ու շրջանակները` ի բարօրություն մեր քաղաքների բնակչության: Հարկ է նկատել, որ երկկողմ շփումները երկու ժողովուրդների միջև կարևոր են նաև միմյանց ճանաչելու, ազգային ավանդույթներին և մշակույթին հաղորդակից դարձնելու առումով», - ընդգծել է Տարոն Մարգարյանը, նաև նկատել, որ շատ իրանցիներ այսօր բնակվում, սովորում և աշխատում են Երևանում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Սպահան քաղաքի 5-րդ շրջանի (Նոր Ջուղա) ղեկավար Համիդ Ասարզադեգանն իր հերթին վստահեցրել է, որ իր գործուն աջակցությունը կունենա Երևանի և Սպահանի միջև կապերի էլ ավելի սերտացման ու նոր ծրագրերի իրականացման հարցում. «Երկուստեք համագործակցությունն անչափ կարևոր է, հատկապես քաղաքային տնտեսության որոշակի ոլորտներում նկատվող համանման խնդիրների շուրջ համատեղ լուծումներ գտնելու, այդ թվում նաև փորձի փոխանակման տեսակետից: Ինձ համար, պարոն քաղաքապետ, շատ հաճելի է գտնվել Երևանում, և ես համոզված եմ, որ Երևանն ու Սպահանն իսկապես ունեն մեծ ներուժ համատեղ ծրագրերի իրականացման համար: Եվ, հանդիսանալով Սպահանի ամենահայաշատ շրջանի ղեկավարը, վստահեցնում եմ Ձեզ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը՝ երկուստեք կապերն առավել ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ», - ընդգծել է Համիդ Ասարզադեգանը:
Հանդիպման վերջում Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը միշտ բաց է համագործակցության համար և պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը կնպաստի երկու երկրների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների զարգացմանը: