Լուրեր
ԱԺ փոխնախագահը հանդիպեց Լատվիայի դեսպանի հետ
16.07.2014
Հուլիսի 16-ին ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպեց ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեին: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը:
Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորեց առաջիկայում Լատվիայի նախագահությունը Եվրոպական միությունում եւ հույս հայտնեց, որ այն նոր թափ կհաղորդի ՀՀ-ԵՄ քաղաքական հարաբերություններին եւ Հայաստան-Լատվիա փոխգործակցությանը: Նա ընդգծեց, որ Հայաստանը կարեւորում է ԵՄ-ի հետ երկխոսության շարունակականությունը:
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ պարոն Շարմազանովը կարեւորեց ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ նշելով, որ հակամարտությունների կարգավորման ուղին պատերազմը չէ: Նա ընդգծեց, որ Ադրբեջանն իրականացնում է ապակառուցողական եւ ապակայունացնող քաղաքականություն: Դեսպանն իր հերթին նշեց, որ Լատվիան եւ եվրոպական կառույցները ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են:
Անդրադառնալով 1915 թ. Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ քանի դեռ միջազգային հանրությունը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել ու չի գնահատել այն որպես մարդկության դեմ գործած մեծագույն չարիք, նշանակում է դեռեւս չի բացառել նոր ցեղասպանությունների հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու միջխորհրդարանական կապերի խորացմանն առնչվող հարցեր: Կարեւորվեց հարաբերություններին նոր լիցք հաղորդելու եւ շփման նոր եզրեր գտնելու անհրաժեշտությունը: