Լուրեր

Նախապես հաստատված ծրագրով մայրաքաղաքում շարունակվում են «Երևանյան ամառ» միջոցառումները

14.07.2014

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ սահմանված ժամանակացույցով վարչական շրջաններում շարունակվում են փողոցների, բակերի և մայթերի ասֆալտապատման աշխատանքները: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ նախատեսված ծավալից արդեն ասֆալտապատվել է 485 հազար քմ մակերես:
Բակային տարածքների նկարազարդման աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ վարչական շրջանների 19 հասցեներում այդ աշխատանքներն ավարտվել են: Նկարազարդման աշխատանքները կշարունակվեն մինչև հոկտեմբեր:
Հանձնարարվել է մեկ անգամ ևս գույքագրել երեսպատման սալիկների անկման վտանգ ունեցող բազմաբնակարան շենքերը և դրանք ներառել ընթացիկ տարվա բարեկարգման ծրագրում:
Մայրաքաղաքում, մասնավորապես ծայրամասային վարչական շրջաններում, ընթացքի մեջ են նստարանների և աղբամանների տեղադրման աշխատանքները: Զուգահեռ թարմացվում և նորոգվում են նաև նախորդ տարիներին տեղադրվածները:
Անդրադառնալով շինհրապարակների կազմակերպման պայմաններին՝ հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել և հսկողություն սահմանել շինաշխատանքներ իրականացնող կազմակերպությունների կողմից հարակից տարածքների մաքրության ապահովման ու աղբահանության պատշաճ կազմակերպման նկատմամբ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչը զեկուցել է, որ վարչական շրջանների հետ համատեղ, համաձայն ծրագրի, առաջնահերթության կարգով փոխարինվում են վթարված հենասյուները: Նշվել է նաև, որ ծրագրի մեկնարկից մինչ օրս փոխվել է 186 հենասյուն:
Կենսապահովման ոլորտի ընկերություներին հանձնարարվել է առավել ուշադիր և հետևողական լինել ենթակառուցվածքների աշխատանքների կազմակերպման հետ կապված աշխատանքներում:
Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվել է համապատասխանաբար 183 և 101 հեռախոսազանգ: Ընդհանուր առմամբ լուծում է ստացել 222 հարց, մյուս հարցերն ընթացքի մեջ են:
Ոչ սահմանված վայրերում, մասնավորապես մայթերում և սիզամարգերում ավտոմեքենաների կայանման դեպքերը բացառելու նպատակով ճանապարհային ոստիկանությանն առաջարկվել է ուժեղացնել հսկողությունն ու ձեռնարկել համապատասխան միջոցներ:
Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ հունիսի 1-ից մեկնարկած «Երևանյան ամառ» միջոցառումների ընթացքի հետ կապված՝ զեկուցվել է, որ նախապես հաստատված ծրագրով վարչական բոլոր շրջաններում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որոնք աշխուժություն և հետաքրքրություն են մտցնում մայրաքաղաքում իրենց հանգիստն անցկացնողների առօրյայում: Միջոցառումները կշարունակվեն մինչև օգոստոսի 31-ը:
Արտաքին կապերի վարչության պետը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպումներ են եղել ԼՂՀ նախագահի, Ստեփանակերտի քաղաքապետի հետ: Կազմակերպվել է նաև այց Մարտունու և Մարտակերտի շրջաններ: Երևանի վարչական շրջանների ղեկավարներն այցի շրջանակում պայմանավորվածություններ են ձեռք բերել ԼՂՀ շրջանների հետ՝ համագործակցության հաստատման և ընդլայնման ուղղությամբ: Անցկացվել է նաև մարզաառողջարարական, ճանաչողական արշավ, որին մասնակցել է քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի շուրջ 120 աշխատակից:

← Վերադառնալ ցուցակին