Լուրեր
Պարգեւատրում Ազգային ժողովում
10.06.2014
Հունիսի 10-ին խորհրդարանի Ոսկեզօծ դահլիճում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Երեւանի պետական համալսարանի հիմնադրման 95-ամյա հոբելյանի կապակցությամբ գիտության, կրթության ոլորտում ներդրած մեծ ավանդի եւ բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգեւատրեց գիտության ոլորտի ներկայացուցիչներին: ԱԺ նախագահը հանդիսավոր պայմաններում հանձնեց Ազգային ժողովի Պատվո մեդալներն եւ ԱԺ նախագահի շնորհակալագրերը:
ՀՀ ԱԺ Պատվո մեդալներով պարգեւատրվեցին՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռոլանդ Ավագյանը, ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեքսան Բաղդասարյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը, ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրանտ Ժամհարյանը:
ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրերին արժանացան ԵՊՀ օպտիմալ կառավարման տեսության եւ մոտավոր մեթոդների ամբիոնի դոցենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Պողոսյանը, ԵՊՀ աստվածաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ Ռաֆիկ Վարդանյանը, ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տարիել Ղոչիկյանը, ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Աննա Մարգարյանը, ԵՊՀ օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Համլետ Կարայանը:
Շնորհավորելով պարգեւատրվածներին՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց.
«Հարգելի ներկաներ, համալսարանական բարեկամներ,
Ողջունում եմ ձեզ խորհրդարանում եւ շնորհավորում Ազգային ժողովի պարգեւներին արժանանալու համար: Այս մեդալներն ու շնորհակալագրերը համարեք ձեր արժանապատիվ աշխատանքի մեր համեստ գնահատականը:
Օգտվելով առիթից՝ ես եւս ցանկանում եմ միանալ Երեւանի պետական համալսարանի հոբելյանի առթիվ մինչ այսօր հնչած բազմաթիվ շնորհավորանքներին եւ ի դեմս ձեզ, մաղթել հայաստանյան ամենավաստակաշատ բուհին, նրա պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին նոր հաջողություններ եւ ձեռքբերումներ:
Երեւանի պետական համալսարանի հիմնադրմամբ 95 տարի առաջ Հայաստանում սկիզբ դրվեց ժամանակակից բարձրագույն կրթությանը: Ինքս շատ հպարտ եմ, որ այս բուհի շրջանավարտ եմ եւ կրկնակի հպարտությամբ ուզում եմ արձանագրել, որ ինչպես իմ ուսանելու տարիներին, այսօր եւս Երեւանի պետական համալսարանը Հայաստանի իսկապես մայր բուհն է՝ մնալով առաջատարը թե գիտելիքների մատուցման, թե կրթության որակի, թե մասնագետներ պատրաստելու, եւ իհարկե, պրոֆեսորադասախոսական կազմի առումով:
Ինձ համար Երեւանի պետական համալսարանը միշտ երիտասարդ է, չնայած 95 տարեկան է: Սա պատկառելի տարիք է, միաժամանակ, տարիք, որը հնարավորություն է տալիս երիտասարդական եռանդով եւ նախաձեռնողականությամբ ձգտել դեպի ապագա, նախանշել նոր նպատակներ եւ հասնել դրանց, որովհետեւ բուհն ամեն տարի ուսանողական այնպիսի էներգիա եւ ավյուն է ստանում, որ նրա զարկերակը միշտ տրոփում է աշխույժ ու ակտիվ:
Հարգելի բարեկամներ,
ինձ բախտ է վիճակվել ուսանել այնպիսի դասախոսների մոտ, որոնցից շատերի անունները, իբրեւ իրենց նախորդների ավանդների եւ ավանդույթների շարունակություն, որպես կենդանի հիշողություն ամուր նստած են ոչ միայն համալսարանականների, այլեւ նույնիսկ այլ բուհերի շրջանավարտների մեջ: Այդ մարդիկ միաժամանակ մանկավարժ էին, գիտնական եւ դաստիարակ՝ ուսանողի համար լինելով եւ դասախոս, եւ ծնող, եւ ընկեր: Նրանց ցանկը շատ մեծ է, բայց, այդուհանդերձ, մի քանիսին ցանկանում եմ առանձնապես նշել՝ Լեւոն Ներսիսյան, Բենիկ Յուզբաշյան, Մկրտիչ Մկրյան, Հայկազ Ժամկոչյան, Սահակ Բազյան, Հովհաննես Բարսեղյան, Գառնիկ Անանյան, Վազգեն Գաբրիելյան եւ այլոք: Երեւանի պետական համալսարանի՝ արդեն ավելի քան 9 տասնամյակ շարունակվող ավանդույթները հաշվի առնելով, վստահ եմ, որ մայր բուհի պրոֆեսորադասախոսական այսօրվա կազմը եւս դրանց արժանի շարունակողն է:
Ձգտելով մշտապես լինել առջեւում՝ Երեւանի պետական համալսարանը անընդհատ բարձրացնում է նշաձողը: Համոզված եմ, որ հաջորդ հոբելյանին ԵՊՀ-ն արձանագրած կլինի ավելի մեծ հաջողություններ, որոնցում անշուշտ, ձեր աշխատանքով կշարունակեք էական ներդրում ունենալ նաեւ դուք, հարգելի բարեկամներ:
Եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում առողջություն, բարեկեցություն, լավատեսություն եւ նոր արդյունավետ ձեռնարկներ»: